Կրթության և գիտության բյուջեները վտանգված են
Անցած շաբաթ ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Կրթության մասին», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքներում։
Փոփոխության համաձայն՝ օրենքներից հանվում են այն կետերը, որոնցով պետությունը պետք է երաշխավորեր այդ ոլորտների առաջանցիկ ֆինանսավորումը։ Օրինակ՝ «Կրթության մասին» օրենքից հանվում է այն կետը, որն ասում է, որ բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից։ 1998-99թթ., երբ մշակվում էր այս օրենքը, կրթության համար սրտացավ մի շարք մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի այս կետը լինի օրենքում։ Դա կարևոր էր, որովհետև, ցավոք, կառավարությունները բարձրագոչ ճառեր են ասում կրթության մասին, բայց երբ գալիս է ֆինանսավորման հետ կապված որոշումներ կայացնելու պահը, պարզվում է, որ գումար չկա։ Նմանատիպ բովանդակությամբ մի կետ էլ հանվում է գիտության մասին օրենքից։ Օրենքներից այս կարևոր կետերը հանելուց հետո, կառավարությունը կարող է կրճատել կրթության, գիտության այս և հաջորդ տարիների բյուջեն։ Զարմանալի է, որ հարցը կառավարությունում ընդունվել է առանց քննարկման՝ այն պարագայում, երբ ԿԳՄՍ նախարարությունը դեմ է եղել այս որոշմանը։
Հասկանալի է, որ պատերազմն ունի տնտեսական գին։ Եթե պարտվել ես պատերազմում, ապա անխուսափելի է տնտեսական անկումը։ Բայց մենք պարտավոր ենք դասեր քաղել այս պարտությունից։ Այդ դասերից մեկն էլ այն է, որ անկախության տարիներին մենք խնայել ենք կրթության և գիտության վրա, ինչը պարտության պատճառներից մեկը դարձավ։
Իմ կարծիքով՝ Հայաստանում պետք է լինի դրվածք, որ կրթության և գիտության բյուջեն կրճատող կառավարությունը պետք է հրաժարական տա։ Թող լինի այնպիսի կառավարություն, որն ամեն ինչ կանի կրթության և գիտության համար։
Հետաքրքիր է, որ այս ֆոնին Հայաստանի իրավապահ համակարգում ստեղծվում են նոր դատարաններ, ավելացվում է դատավորների թիվը։ Քանի որ «ամռանը» խնայել ենք կրթության և գիտության վրա, «ձմռանը» ստիպված ենք ավելին ծախսել իրավապահ համակարգի վրա։
2018թ․, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը կրճատեց կրթության բյուջեն, այսօրվա իշխանավորները շատ խիստ քննադատում էին այդ քայլը։ Կան բազմաթիվ տեսագրություններ, հարցազրույցներ, որոնցում նրանք զարմանում են, թե ինչպե՞ս կարելի է կրճատել կրթության բյուջեն, մի՞թե պարզ չէ, որ դա բերելու է աղքատության խորացման, և նմանատիպ այլ ձևակերպումներ։ Բայց այսօր դպրոցներից հետ են վերցվում խնայողությունները, ակնկալվում է դպրոցների տնօրենների աշխատավարձի փոփոխություն, ինչի արդյունքում որոշ տնօրենների աշխատավարձը ավելի քիչ կլինի, քան հիմա է, նախատեսվում է դպրոցի որոշ հաստիքների կրճատում կամ ծանրաբեռնվածության նվազում։
Այս ամենից զատ, օրենքներից հանվում են կետեր, որոնցով այսօրվա և հաջորդ կառավարություններն այլևս պարտավորված չեն տարեցտարի ավելացնել կրթության և գիտության բյուջեները։
Իսկ կրթության և գիտության ոլորտների համար ֆինանսավորման բարձրացումը թթվածնի նման անհրաժեշտ է։ Ուսուցիչների, գիտաշխատողների աշխատավարձերն այնքան ցածր են, որ այդ մարդիկ ստիպված են լինում մի քանի աշխատանք կատարել, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հիմնական աշխատանքի որակի վրա։ Եթե ուսուցիչը դպրոցից ստանում է ամսական 80 հազար դրամ աշխատավարձ, իսկ կրկնուսույցի աշխատանքից՝ միջինում 200-300 հազար դրամ, ապա ո՞ր աշխատանքը կկարևորի ուսուցիչը։ Իհա՛րկե կրկնուսույցի։ Կարո՞ղ է արդյունավետ աշխատել ուսուցիչը, եթե շաբաթական 22 ժամ դասավանդում է դպրոցում և նույնքան ժամ էլ տանը կրկնուսույց է աշխատում։ Չմոռանանք, որ դասավանդման 1 ժամն էներգիայի ծախսի տեսանկյունից համարժեք է գրասենյակային աշխատանքի 2-3 ժամին։
Մի կարևոր արձանագրում ևս։ Վերջերս կառավարությունը հաստատեց Հանրակրթության պետական չափորոշիչը։ Այդ փաստաթուղթը գրված է այն ակնկալիքով, որ դպրոցների ֆինասավորումը պետք է ավելացվի առնվազն մի քանի միլիարդ դրամով։ Ինչո՞ւ։ Այս փաստաթղթով նախատեսվում է, որ դպրոցներում յուրաքանչյուր աշակերտ տարեկան առնվազն մեկ առարկայից պետք է իրականացնի նախագծային աշխատանք։ Որպեսզի այդ աշխատանքները չլինեն ձևական, անհրաժեշտ է ուսուցիչներին լրավճար տալ այդ աշխատանքի համար, քանի որ նախագծային աշխատանքն ուսուցչից լրացուցիչ աշխատանք է պահանջելու։
Նախատեսվում է նաև ավագ դպրոցների աշակերտներին անձնական դասացուցակ կազմելու հնարավորություն տալ։ Դա նշանակում է, որ պետությունը պետք է ֆինանսավորի անգամ այն առարկայի դասավանդումը, որն ընտրել է 1 աշակերտ։ Իսկ սա պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում։ Դպրոցները հնարավորություն են ունենալու առանձին առարկաների համար սեփական ծրագրեր կազմել։ Այս աշխատանքը շատ բարդ է, և դրա համար ուսուցիչներին նույնպես պետք է վճարել։
Եթե սրանք գումարենք նաև այն հանգամանքը, որ նախարարությունը խոստացել է կամավոր ատեստավորում անցնող ուսուցիչներին մինչև 50% ավելի վարձատրել, ապա կարող ենք արձանագրել, որ մի կողմից՝ նախարարությունը ծախսատար ծրագրեր է հաստատում, մյուս կողմից՝ կառավարությունն օրենքից հանում է այն կետը, որով պետք է այդ ծախսերն ապահովվեն։ Շատ հնարավոր է, որ այս ամենն ավարտվի նրանով, որ կրթական հաստատված ծրագրերը կիսատ-պռատ իրականացվեն՝ ոչ բավարար ֆինանսավորման պատճառով։ Ի դեպ, ավագ դպրոցների բարեփոխումը ձախողվեց նաև այդ պատճառով։
Կառավարությունն այդպես էլ չտվեց անհրաժեշտ գումար՝ ավագ դպրոցների բարեփոխումը պատշաճ իրականացնելու համար։