«Արմեն Խաչատրյանի ամենահերոսական քայլն այն է եղել, որ ամենալարված օրերին Գորիսի համայնքապետարանում սուրճ է խմել». Մեղրիի քաղաքապետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մարտի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Սյունիքում տիրող իրավիճակին՝ ասել էր, որ սյունեցի որևէ համայնքապետ իր ջոկատով Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցու դեմ չի կռվել. «Երկիրն այնպիսի վիճակում էր, որ համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին ու գնային պայքարելու թշնամու դեմ, նման բան չի եղել, որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, և դրա անհրաժեշտությունը չկա։ Որևէ համայնքապետի կամ համայնքապետի ջոկատ տեսե՞լ եք, որ պայքարի ադրբեջանցու դեմ, և որտե՞ղ է այդ պայքարը եղել, ուզում եմ իմանալ։

Իհարկե, Սյունիքն անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում, այսքան ժամանակ ի՞նչ է եղել Սյունիքում, պատերազմից հետո ինչ-որ մեկը Սյունիքում վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին թշնամու, հակառակորդի կողմից վնաս հասցվե՞լ է, ինչ-որ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս կրե՞լ է»,- ասել էր իշխանական պատգամավորը։

Պատգամավորի այս հայտարարությանը 168.am-ի հետ զրույցներում արդեն անդրադարձել են Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր, որոնք պատերազմի օրերին իրենց կազմած ջոկատներով կռվել են Արցախի տարբեր հատվածներում։

168.am-ի հետ զրույցում այդ հայտարարությանն անդրադարձավ նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նա շեշտեց, որ այդքան էլ հակված չէ մեկնաբանելու պատգամավորի խոսքերը, հատկապես այն դեպքում, որ Արմեն Խաչատրյանն այդ թեմայով խոսելու իրավունք չի վաստակել։

«Արմեն Խաչատրյանն իսկի բանակում էլ չի ծառայել։ Իրեն, որ այսպես տեսնում եմ, կարծում եմ՝ Ոստիկանության ակադեմիա ընդունվել է, որպեսզի խուսափի բանակից։ Եթե մտավարժանքներ անելու «նորաձևություն» է, սա էլ իմ կարծիքն է, նա շատ փոքր մարդ է, որպեսզի մեկնաբանի կամ քննարկի նման հարցեր։ Եթե երկիրը, պետությունը պատերազմի մեջ է, ցանկացած նորմալ տղամարդու առաջին արձագանքն է, որ ինքը մասնակցի, եթե գիտելիքը, փորձը բավականացնում է, նա պետք է առաջնագծում լինի, եթե բավարար գիտելիքներ չունի, պետք է թիկունքում աշխատի։ Ես չգիտեմ՝ Արմեն Խաչատրյանի գիտելիքները բավարարո՞ւմ են, թե՞ ոչ, գոնե նա կարող էր գալ ու հոսպիտալում վիրավոր զինվորներին ջուր տալ։ Արմեն Խաչատրյանի ամենահերոսական քայլն այն է եղել, որ ամենալարված օրերին Գորիսի համայնքապետարանում սուրճ է խմել։ Դրա համար նման մարդու ասածներին չպետք է ուշադրություն դարձնենք, ոչ էլ էներգիա ու նյարդեր վատնենք»,- նշեց Մխիթար Զաքարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Արմեն Խաչատրյանը և իր քաղաքական հայրն իրերը տեսնում են այնպես, ինչպես իրենց է պետք, և դժվար է ասել, թե նրանց աչքերի օբյեկտիվը կամ ուղեղն ինչպես է գործի դրված։

«Որքան էլ ուզում եմ առանց էմոցիաների խոսեմ, չի լինում, հիմա հոդվածը տպագրվելուց հետո այդ Արմենի վարկանիշն ենք բարձրացնում։ Երեք օր է, Սյունիքում որքան հարգված մարդ կա, դրա ասածների հետ կապված մեկնաբանություն է տալիս, նա այդքան չկա, էլի։ Գուցե Երևանում մտածում են, որ Արմենը ճիշտ է ասում, բայց միայն Երևանում, իսկ Սյունիքը փոքր է, և բոլորը բոլորին ճանաչում են։ Բոլորի աչքի առաջ է մարդկանց կենսագրությունը։ Այնպիսի տպավորություն է, որ նա քննադատության լիմիտ է ունեցել ու այդպես հայտնի դառնալու, գուցե իշխանության մոտ մոդա է քննադատություններով հետ չմնալը, Ազոյան Հովոյից, Անդոյից, նա էլ հաջողությամբ համալրեց նրանց շարքերը»,- հավելեց Մեղրիի քաղաքապետը։

Նա ընդգծեց, որ պատերազմի օրերին՝ որպես հայ մարդ, ինքն իր պարտքն է կատարել և մեկնել Արցախ, և դրա մասին չի էլ ցանկանում խոսել՝ կարիքը չկա, ավելին՝ իմաստ չկա, սակայն ցավում է, որ ռազմաճակատում քիչ ժամանակ մնաց, քանի որ ծանր վիրավորում է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

«Այդ պատերազմում ես չհասցրեցի իմ կռիվն ամբողջությամբ տալ, քանի որ Արցախ՝ Ջաբրայիլ հասնելուց հետո ես ծանր վիրավորում ստացա ու հիվանդանոցում ենթարկվեցի վիրահատության։ Ես այդ նույն տարածքում 1992-1994 թվականին, երբ կանոնավոր բանակի զինվոր էի, իմ կռիվը տվել եմ, այս մեկին չհասցրեցի։ Սյունիքից կազմված ջոկատներն իրենցից կախված ամեն ինչ արել են, սակայն, մեծ հաշվով, մենք բոլորս այդ նույն ժամանակահատվածում մեկ ամիս ապրել ենք մեր հարյուրավոր, հազարավոր զինվորականների կյանքով, իսկ մարդիկ, որոնք տարիներով ծառայում են հայրենիքին, իրենց կյանքն են վտանգի տակ դնում, մեկ անգամ չենք լսել այդ մարդկանցից՝ իրենց արածը քննարկեն ու բարձրաձայնեն։ Դրա համար ամոթ է նրանց կողքին այսքան խոսել։ Արմենը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում է, իր անելիքը մինչև պատերազմ սկսելն էր, նաև պատերազմի ժամանակ, թող այն հարցով զբաղվի, որ պարենային ծառայությունը ոչնչացրած զորամասերի մատակարարումը տվեցին «Արտ լանչին» ու ամբողջ պատերազմի ժամանակ ձախողված վիճակ էր, այս մասին գրեթե բոլոր զինվորները խոսում էին։ Բնականաբար, անհատ ձեռներեցը չէր գնա զինվորին պարենով ապահովեր։ Արմենը գոնե դրանով զբաղվեր, որպես իրավաբան՝ Մովսես Հակոբյանի ասածներով զբաղվեր, ինչ իր խելքի բանն է՝ ասել, թե Սյունիքի համայնքապետերն ինչ են արել, կամ չեն արել»,- շեշտեց նա։

Մխիթար Զաքարյանը նաև ընդգծեց, որ Արմեն Խաչատրյանը Սյունիքից ընտրված պատգամավոր է, սակայն ընտրություններից հետո նրան որևէ անգամ Մեղրիում չի տեսել, նա Մեղրու տարածաշրջան չի գնացել։

Հարցին՝ վիրավորում ստանալուց հետո կազդուրվե՞լ է, թե՞ ոչ, Մխիթար Զաքարյանն ասաց, որ մայիսին պետք է երկրորդ վիրահատական միջամտությունն անեն, որը կապված է նյարդի ու բազուկի ոսկորի խնդիրների հետ։

Տեսանյութեր

Լրահոս