Ե՞րբ և ինչո՞ւ են Հայաստանում մեծանում կորոնավիրուսով վարակակիրների թվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի է, ինչ աշխարհը բախվել է կորոնավիրուսի համավարակի պատուհասին։ Միլիոնավոր մարդկանց առողջության համար վտանգ ստեղծելուց բացի, համավարակի տարածումը նաեւ շարունակում է լուրջ հարված հասցնել համաշխարհային տնտեսությանը։ Եվ համավարակի բռնկումից ի վեր միայն պետական նպատակաուղղված քաղաքականության եւ հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում համատարած կարգապահության միջոցով է հնարավոր հաջողություններ արձանագրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Օրինակ՝ աշխարհում ամենամեծ բնակչությունն ունեցող Չինաստանը, որտեղից սկիզբ առավ կորոնավիրուսի համաճարակը, հետեւողական քայլերի եւ սահմանափակումների արդյունքում կարճ ժամանակամիջոցում կարողացավ կոտրել վարակի տարածման տեմպը եւ թեւակոխել տնտեսության վերականգնման փուլ։

Սակայն հարկ է նկատել, որ պետությունների կառավարությունների մեծ մասը չկարողացավ արագ կողմնորոշվել համավարակի դեմ պայքարում միջոցներ ձեռնարկելու հարցում կամ հետեւողական չեղավ սահմանափակումների կիրառումն արդյունավետ դարձնելու եւ հակահամաճարակային կանոնները պահպանելու խնդիրներում։ Հայաստանում եւս անլուրջ վերաբերմունքի արդյունքում էր, որ համավարակը մեծ թափով սկսեց տարածվել երկրով մեկ։ Եվ մինչ անցած տարվա գարնանը Նիկոլ Փաշինյանը զբաղված էր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավով ու տարբեր մարզերում հավաքներ կազմակերպելով, աշխարհի տարբեր երկրներում խիստ սահմանափակումներ էին կիրառվում։ Իսկ մեզ մոտ անհրաժեշտ սահմանափակումները կիրառվեցին միայն այն ժամանակ, երբ վարակն արդեն բազմաթիվ օջախներ էր ստեղծել։ Ըստ այդմ, պատահական չէ, որ կորոնավիրուսի տարածման տեմպերով Հայաստանը շատ բարձր դիրքեր զբաղեցրեց, իսկ առողջապահական համակարգի վրա էական ծանրաբեռնվածություն դրվեց։

Իբր իշխանությունները համավարակի դեմ շատ մի հաջող պայքար էին տանում, դրան էլ գումարվեց նույն իշխանությունների մեղքով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը, որի սկսվելուն զուգահեռ՝ հակահամաճարակային պայքարն ընդհանրապես բարձիթողի իրավիճակի մատնվեց։ Բնականաբար, անընդհատ աճի արդյունքում համավարակի տեմպերի՝ պիկին հասնելուց հետո վարակակիրների քանակը պետք է սկսեր նվազել։ Ու այս հանգամանքը Փաշինյանը փորձեց ներկայացնել որպես կառավարության գրանցած հաջողություն՝ իր հարցազրույցներից մեկում հայտարարելով, թե այն ժամանակ քննադատները իշխանությունների «աչքն էին մտցնում» վարակակիրների թիվը, իսկ հիմա իրավիճակը կայունացել է։ Այնինչ, ոչ մի կասկած չկա այն հարցում, որ իրավիճակի կայունացումը խիստ հարաբերական է։ Ու այսպիսի իրավիճակում Փաշինյանը, որի գլխավորած կառավարությունը կրում է երկրում առողջապահական իրավիճակի հիմնական պատասխանատվությունը, բազմահազարանոց հանրահավաք է կազմակերպում, ու ոչ ոք չի հսկում հակահամաճարակային կանոնների պահպանումը։

Իհարկե, ընդդիմությունն էլ է հավաքներ անցկացնում, պատասխանատվություն պետք է ունենան բոլորը, բայց, ի վերջո, իրավիճակի գլխավոր պատասխանատուն հենց իշխանությունն է, այնինչ վերջինս, հանուն Փաշինյանի՝ իր աթոռին կառչած մնալու, մոտ 20 հազար մարդ է հանում փողոց՝ առանց որեւէ հակահամաճարակային կանոնների պահպանման: Ու ընդհանրապես, եթե մինչեւ սեպտեմբերի 27-ը ինչ-որ քայլերի գոնե իմիտացիա արվում էր, ապա դրանից հետո առ այսօր ընդհանրապես կառավարությունը մոռացել է կորոնավիրուսի մասին: Բնականաբար, վարակակիրների թիվը պետք է ավելանար, ու այդպես էլ եղավ։ Իհարկե, չպետք է անտեսել նաեւ այլ գործոնները: Մասնավորաբար, որոշ մասնագետներ տեսակետ են հայտնում, թե վարակակիրների թվերը հատուկ են ավելացվում, որպեսզի համաճարակային իրավիճակից հոգնած մարդկանց շրջանում հավել յալ վախեր ներշնչելու միջոցով կարողանան պատվաստանյութերն իրացնել։

Իզուր չէ, որ ներկայումս թեստավորված պատվաստանյութերի սպառումն անգամ որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստ է ստացել։ Մյուս կողմից էլ՝ բավական հետաքրքրական են փորձագետների կարծիքները, թե երկրի քաղաքական զարգացումների միտումից ելնելով՝ երբ իշխանություններին անհրաժեշտ է լինում, վարակակիրների թիվը արհեստականորեն ավելանում է։ Եվ այս կոնտեքստում պատահական չեն խոսակցությունները, թե իշխանությունները դիտարկում են անգամ կրկին խիստ սահմանափակումների անցնելու տարբերակը։

Խնդիրն այն է, որ, ըստ որոշ մասնագետների, Փաշինյանը փորձելու է կորոնավիրուսի թեման կրկին օգտագործել ներքաղաքական նպատակներով, որպեսզի, երբ ընդդիմության հավաքները սկսեն նոր թափ հավաքել, ապա համավարակի դեմ պայքարի շրջանակներում նոր սահմանափակումների միջոցով հնարավոր լինի ճնշել ընդդիմադիրներին, տուգանել, թույլ չտալ, որ իրենց բողոքն արտահայտեն եւ այլն։ Սրան գումարած՝ դա կարող է հրաշալի միջոց լինել արտահերթ ընտրությունների թեման առնվազն մինչեւ աշուն «ջրելու» համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս