Արցախում արդյունաբերական արտադրությունը կտրուկ նվազել է

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է պատերազմի հետևանքով տնտեսության ու արտադրական ենթակառուցվածքների կրած վնասներին և վերականգնման միջոցառումներին:

Որ փուլում է գտնվում  պատերազմի հետևանքով վնասված արտադրական ենթակառուցվածքների ու արտադրամասերի վերականգնման գործընթացը:

Արցախի կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերից ձեռնամուխ է եղել պատերազմական գործողությունների հետևանքով վնասված արտադրական նշանակության շենք շինությունների գույքագրման աշխատանքների իրականացմանը: Մասնավորապես, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է վնասների գույքագրմամբ և գնահատմամբ: Այդ աշխատանքների ավարտից հետո կառավարությունն արդեն կսահմանի աջակցության կամ փոխհատուցման համապատասխան կարգ:

Նախնական տվյալներով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում որքանով են կրճատվել արտադրության ծավալներն ու ինչի հետևանքով:

– Պատերազմից հետո, 2021թ. հունվար ամսում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ կրկնակի նվազել է: Արցախի Հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը անցած տարի կրճատվել է 36,5 տոկոսով, այդ թվում՝ միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 60 տոկոսով: Այնուհետև՝ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 71,7 տոկոսով:

Մասնավորապես հանքարդյունաբերության ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 20 տոկոսով, այդ թվում՝ միայն անցած տարվա դեկտեմբերին՝ 96 տոկոսով,իսկ մշակող արդյունաբերության ծավալը կրճատվել է 63 տոկոսով: Տարվա ընթացքում համեմատաբար ոչ էական է եղել սննդամթերքի արտադրության կրճատումը` 3 տոկոս /դեկտեմբերի` 20 տոկոս կրճատման հաշվին/:

Արդյունաբերական արտադրության ծավալի կտրուկ նվազումը գրանցվել է արդյունաբերության բոլոր ճյուղերում:

Այդուհանդերձ, կարելի է ասել, որ նշված ցուցանիշն առավել մեծ չափով պայմանավորվել է նրանով, որ հանքարդյունաբերության ոլորտում 2021 թվականի հունվար ամսում աշխատանքներ գրեթե չեն իրականացվել (նվազումը՝ 99.9տոկոս):Նույն ժամանակահատվածում մշակող արդյունաբերության 36 տոկոսով անկումը մեծամասամբ պայմանավորվել է սննդամթերքի և հագուստի արտադրության  կրճատմամբ: Միաժամանակ հատկանշական է՝ տվյալ ժամանակաշրջանում մշակող արդյունաբերության որոշ արտադրությունների աճը. Օրինակ՝ խմիչքների, սղոցանյութի, դռների և պատուհանների:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսում կազմել է ընդամենը 20 մլն կՎտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ շուրջ 100 մլն կՎտ-ի փոխարեն:Այս տարվա հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում կազմել է 7,3 մլն կՎտ: Շինարարական աշխատանքների ծավալը 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրճատվել է 56 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 53 տոկոսով:

– Հնարավո՞ր է, որ իրենց գործունեությունը վերականգնեն արցախյան այն հայտնի ապրանքանիշները, որոնց արտադրամասերը մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում:  Այդ ուղղությամբ աշխատանքներ առկա են:

– Կառավարությունը հակված է տեղական արտադրողների գործունեության վերսկսման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:Խոսքը վերաբերում է ոչ միայն հայտնի ապրանքանիշներին:Հնարավորության դեպքում, թերևս, բոլոր արտադրողներն էլ ցանկություն կունենան վերագործարկելու իրենց արտադրությունը:Այս ուղղությամբ պետական հստակ ծրագրեր դեռևս մշակված չեն:

Կա՞ն աջակցության այլ ծրագրեր՝ նախատեսված սկսնակ գործարարներին՝  արտադրական գործունեությամբ զբաղվելու համար:

– Արցախում մշակվել է հարկային արտոնությունների փաթեթ, որն առավել դյուրին ու գրավիչ կդարձնի տեղում բիզնես գործունեությունը:Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հետևյալ հարկային արտոնություններին՝ 2020-2022 թվականների ընթացքում շահութահարկի վճարումից ազատվել է հարկ վճարողների մեծամասնությունը: Նվազեցվել է վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձանցից պահվող  եկամտային հարկի դրույքաչափը` սահմանվելով 2021 թվականին 15 տոկոս, 2022 թվականին՝ 14 տոկոս,  իսկ 2023 թ. հունվարի 1-ից` 13 տոկոս:

Բացառապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված՝ հարկ վճարողի մոտ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար, աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը սահմանվել  է 3 տոկոս:Հարկ վճարողները 3 տարի ժամկետով ազատվել են հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից: Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի և դրանց համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձվում է հաշվարկված հարկերի հանրագումարի 50 տոկոսը:Վեց ամիս ժամկետով տրվում է պետական աջակցություն՝ կազմակերպության վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով:

Առաջիկայում ևս Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կողմից հնարավոր է առաջարկվեն աջակցության ծրագրեր, որոնց մասին հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվի:

Տեսանյութեր

Լրահոս