Օլիգարխիայի համեստ հմայքը

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած կառնավալի մասին լուրեր էին տարածվում, թե Սամվել Ալեքսանյանին, SAS-ի Արտակ Սարգսյանին, «Վիվառոյի» սեփականատերերին, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանին և մյուս օլիգարխներին հանձնարարված է եղել մարդիկ ապահովել, բեմում տեսանք Խաչատուր Սուքիասյանին, անընդհատ խոսակցություններ են տարածվում տարբեր բնագավառներում գործող ռեժիմի և օլիգարխների համագործակցության մասին։ Մինչդեռ նիկոլական իշխանափոխությունը հայտարարված էր՝ որպես հակաօլիգարխիկ հեղափոխություն։

Անընդհատ տեսնում ենք օլիգարխների հանդեպ քրեական հետապնդումներ, հետո տեսնում ենք օլիգարխների կնունք-հարսանիքներին քեֆ անող բարձրագույն իշխանություն։ Մի խոսքով, իրական կյանքում աբսուրդը գերազանցում է ինքն իրեն, ավելի, քան Լուիս Բունյուելի Le Charme discret de la bourgeoisie (Բուրժուազիայի համեստ հմայքը) սյուրռեալիստական հրաշալի ֆիլմում։

Շատ օլիգարխներ փոփոխական մեծություններ են. օրինակ, եթե Խաչատուր Սուքիասյանը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության միակ օլիգարխն էր, ապա նրա աստղը փոքր-ինչ խամրեց Քոչարյանի և Սարգսյանի ժամանակաշրջանում, իսկ հիմա կրկին փայլեց մի այլ պայծառությամբ, Միշա Բաղդասարովը գիսաստղի նման փայլեց ու մարեց, երկար ժամանակ փայլող Գագիկ Ծառուկյանի աստղն այժմ կարծես թե ճաքեր է տալիս։ Իսկ այլք, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, լույսի արագության նման հաստատուն մեծություն են՝ միշտ հարուստ և միշտ իշխանություններին հարազատ, նա ժառանգաբար Ռոբերտ Քոչարյանից փոխանցվեց Սերժ Սարգսյանին, իսկ հետո հայտնվեց Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ու նաև, զարմանալի է թվում, բայց փաստ է, որ, ասենք, պայմանական X օլիգարխը Սերժ Սարգսյանի ժամանակ վաճառում էր պայմանական 1000 պարկ շաքար, հիմա, տնտեսական անկման պատճառով՝ միայն 700, բայց նա ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժանա, թեև կարծես դա իր բիզնես շահերից չի բխում։

Ի վերջո, այդ ի՞նչ անբացատրելի հմայք ունի օլիգարխիան, որ միշտ ձեռք ձեռքի է գնում իշխանության հետ, որ միշտ իշխանությունը փորձում է նրան պատժել, բայց արդյունքում՝ հաճախ համբուրվում են իրար հետ։

Օլիգարխներին չպետք է շփոթել մեծահարուստների հետ, ովքեր առանձնապես չեն երևում քաղաքականության մեջ, և ում ինչքի մեծությունը շատ էլ կախված չի քաղաքական վայրիվերումներից։ Մեր օլիգարխները նման չեն դասական, դասագրքային օլիգարխներին, որտեղ այդպիսին համարվում են մարդիկ, ովքեր իրենց հարստության շնորհիվ ազդեցություն ունեն քաղաքական որոշումների կայացման վրա, ինչպես, ասենք, Ֆորդերի կամ Ռոքֆելլերների ընտանիքները՝ Միացյալ Նահանգներում։

Վերը նշված հարափոփոխության կամ հաստատունության անգամ մակերեսային ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ավելի շուտ մեր օլիգարխներին կարելի է ներկայացնել և գնահատել՝ որպես իշխանության բիզնեսմեններ։  Ասել, թե նրանց բիզնեսները մաքուր չեն, նշանակում է՝ ոչինչ չասել. Հայաստանում շատ քիչ են մաքուր, միշտ հարկ ու մաքս մուծող բիզնեսները։ Բայց օլիգարխների բիզնեսների կառուցվածքն այնպիսին է, որ պահանջում է իշխանությունների մշտական «հոգածությունը»։ Բացի այն, որ իշխանությունները պետք է աչք փակեն թերավճարումների վրա, նրանք նաև անընդհատ պետք է պայմաններ ստեղծեն այս բիզնեսների «զարգացման» համար համապատասխան օրենքներով ընդունելով, կառավարության որոշումներով, պետական պատվերներ տալով, անօրինական միջազգային գործարքներին դիվանագիտական աջակցությամբ, և այլն։

Այս տեսանկյունից իշխանությունն է օլիգարխի բիզնեսի բաժնետերը։ Կամ ավելի պարզեցրած կարելի է ասել, որ օլիգարխներն իշխանական բիզնեսների գործակատարներն են՝ իշխանավորն իրենց թույլ կտա՞ բիզնեսը վարել, շարունակաբար պայմաններ կստեղծի՞ բիզնեսի համար՝ իրենք մեծահարուստ են ու հզոր, թույլ չի՞ տա՝ կսնանկանան։ Պարզ է, որ պետք է ըստ համամասնության կիսվեն նաև բիզնես գործունեության շահույթները։

Տնտեսության նման կառուցվածքը, տնտեսական այսպիսի օրենքները ստեղծվել են ՀՀ անկախության սկզբի շրջանից՝ Տեր-Պետրոսյանի ժամանակներից, և անցած 30 տարիների ընթացքում միայն ավելի են կարծրացել։ Դեմ գնալ այս համակարգին, նշանակում է՝ հրաժարվել միլիարդանոց բյուջետային եկամուտներից, տասնյակ-հազարավոր մարդկանց զրկել գործատեղերից։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը դատապարտված է սև իկրա ոտելու և ռոլեքս ժամացույց կապելու։ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը ժամանակին հանգիստ հրաժարվեցին այդ արտոնություններից։ Բայց Նիկոլը չի կարող, և պատճառը միայն ագահությունը չէ, իշխանությունից զրկվելու դեպքում նա ուղղակի կհայտնվի բանտում, բայց դա ուրիշ մեղքերի պատճառով է և այլ քննարկման խնդիր է։

Այստեղից կարելի է անել քաղաքական հետևություններ, օրինակ, երբ օլիգարխը քաղաքական կուսակցություն է ստեղծում, ապա նրա նպատակն այդ քաղաքական գործունեությամբ իր բիզնեսը սպասարկելն է՝ անկախ նրանից՝ տվյալ պահին նա պրոիշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր։

Պետք է անպայման նկատել, որ նման կառուցվածք ունեն ԱՊՀ տարբեր երկրների, մանավանդ՝ Ռուսաստանի բիզնեսները։ Բոլորս գիտենք Բերեզովսկու կամ Խոդորկովսկու տխուր վերջաբանները, երբ նրանք ենթադրեցին, թե իրենց ունեցվածքն իրենց աշխատանքի շնորհիվ է։

Այնպես որ, օլիգարխ-իշխանություն հարաբերությունները շատ էլ տրամաբանական են, սյուրռեալիստական է միայն այդ հարաբերությունների երեսպաշտությունը՝ ինչպես Բունյուելի հրաշալի ֆիլմում։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս