«Փաշինյանը հույս ունի, որ «փողոցը» կերկարաձգի իր կյանքն իշխանության ղեկին և քաղաքականության մեջ». Коммерсантъ
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Երևանում այսօր սպասվող իշխանամետ և ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պահպանել իշխանությունը նույն մեթոդով, որով այն ձեռք է բերել երեք տարի առաջ:
«Հայկական ընդդիմությունը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվել է, և նրա հեռացումը միայն իրավաբանորեն ձևակերպման կարիք ունի. դրան պետք է հաջորդի ինչպես իշխանությունների քայլերի, այնպես էլ անգործության հետաքննությունը: Սակայն կառավարության ղեկավարն այլկերպ է մտածում: Նա փորձում է պահպանել աթոռը՝ օգտագորելով փողոցային պայքարի սիրած մարտավարությունը»,- նշում է հոդվածի հեղինակը:
«Կարելի է վիճել այն հարցի շուրջ, թե որքանով է Նիկոլ Փաշինյանն արդյունավետ որպես Հայաստանի վարչապետ, սակայն անվիճելի է այն, որ փողոցային քաղաքականության մեջ նա ուժեղ է: 2018 թվականի գարնանը նա մրցակցությունից դուրս էր. նրա կոչով Երևանի փողոցներն ու հրապարակները բազմիցս ծայրից-ծայր լցվել են մարդկանցով: Այժմ Փաշինյանը, որի հեղինակությունն անկում է ապրել Լեռնային Ղարաբաղում պատերազմը պարտվելուց հետո, հույս ունի, որ «փողոցը» կերկարաձգի իր կյանքը իշխանության ղեկին և քաղաքականության մեջ»,- նկատում է պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ զինվորականների հայտարարությունները դիմակայություն են ստեղծել նաև Փաշինյանի և երկրի նախագահ Արմեն Սարգսյանի միջև, որը հրաժարվել է ստորագրել Փաշինյանի միջնորդությունը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին:
Պարբերականը մեջբերում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանին, որը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե պահպանի իր պաշտոնը. «Նա փորձում է հասարակական պառակտում ստեղծել և հենվել հասարակության այն հատվածի վրա, որին կհաջողվի մոբիլիզացնել: Դա փոքր հատված է, սակայն ինչ-որ քանակ հավաքել նրան հաջողվում է: Այնուամենայնիվ, բարդ է պատկերացնել, որ վարչապետը կմնա իր աթոռին: Իրավիճակից որպես հաղթող դուրս գալու համար, պետք է բռնապետություն, ընդդիմության ճնշում: Սակայն ղեկավարը, որի դեմ բանակն է, չի կարող բռնապետ լինել: Այժմ հարցն այսպես է դրված. կա՛մ դու լուծման մի մասն ես, կա՛մ խնդրի: Փաշինյանը խնդրի մի մասն է, և առանց նրա հեռանալու ճգնաժամը չի կարգավորվի»:
Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն, իր հերթին, «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշել է, որ ակնհայտորեն «գաղտնի» բանակցային գործընթաց է տեղի ունենում, և քննարկվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման տարբերակները: «Նրանք կարող են ինչ-որ կերպ կարգավորել քաղաքական խնդիրները, սակայն շատ նրբություններ կան՝ ո՞վ և ինչպե՞ս է անցկացնելու այդ ընտրությունները»,- կարծում է փորձագետը: