«Ադրբեջանցուն ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկիս՝ ձայնը լսեմ, պատասխանեց՝ արդեն ուշ  է՝ նրան սպանել ենք»

Արցախում զոհված 23–ամյա Նարեկ Ելուղյանը Սիսիան քաղաքից էր, 2 եղբայրներից կրտսերը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Սիսիանի պետական քոլեջ, գերազանց ավարտել, ապա 2014 թվականի ամռանը մեկնել ծառայության, Մարտակերտում էր ծառայել։ Որպես օրինակելի, կարգապահ ու քաջ զինվոր՝ պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով։ Մի քանի ամիս էր մնացել Նարեկի զորացրվելուն, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Ծառայակից ընկերների հետ միասին Նարեկը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրը, և ինչպես նրա հայրը՝ Յուրիկ Ելուղյանը, պատմեց, այն ժամանակ որդին հրաշքով էր փրկվել։

«Ինքը եղել է հրետանու հաշվարկի հրամանատար, այդ ժամանակ թշնամու արկն ընկել էր իրենց կողքը, բեկորը Նարեկի կողքով անցել, կպել էր իր հրանոթին, զենքի ինչ-որ մասին, ու ընկել է գետնին․․․ Հիմա այդ բեկորը գտնվում է այնտեղ, փայտի վրա էլ գրել է՝ երկրորդ անգամ կյանք տվեց Աստված»։

Զորացրվելուց 2 ամիս անց Նարեկն աշխատանքի էր անցել Սիսիանի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, զուգահեռ ընդունվել էր  Ագրարային համալսարան, նպատակ ուներ դառնալ սպա և արդեն որպես սպա ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում։

Նարեկի հայրը հիշեց, երբ որդուն տնից ճանապարհում էին ռազմաճակատ, տրամադրությունն էլի բարձր էր, մարտական ոգին՝ նույնպես։ Խոստացել էր՝ վերադառնալու է, և քեֆ են անելու․

«Ասացի՝ զգույշ կլինես, պատասխանեց՝ պապ ջան, պատերազմում զգույշ տեղ կա՞, որ զգույշ լինենք, բայց չանհանգստանաս, պապ, ես հետ եմ գալու․․․»։

Վերջին անգամ Նարեկը հոր հետ էր խոսել, տեղեկացրել, որ հնարավոր է մի քանի օր կապ չլինի, չանհանգստանան, սակայն այդ զանգից ժամեր անց Նարեկի համարից կրկին զանգ է գալիս, սակայն այս անգամ զանգողն ադրբեջանցի էր․

«Վերջին անգամ հոկտեմբերի 14-ին՝ կեսօրին, Նարեկի հետ խոսել եմ, ասաց՝ պապ, տեղափոխվում ենք, 1-2 օր կարող է կապ չլինի, չանհանգստանաս: Ասացի՝ Նարեկ ջան զգույշ կլինես։ Նույն օրը, ժամը 17։00-18։00-ի սահմաններում նորից զանգեցի Նարեկին, անհասանելի էր, հեռախոսը դրեցի գրպանս, զանգ եկավ, վերցրեցի տեսա՝ գրված է՝ Նարեկ։ Պատասխանեցի՝ Նարեկ ջան, որտե՞ղ ես, ռուսերենով ադրբեջանցին ինձ պատասխանեց՝ քո Նարեկի հեռախոսն ինձ մոտ է, իսկ նա արդեն մեր ձեռքում է։ Հարցրեց՝ դու որտե՞ղ ես ապրում, պատասխանեցի՝ Հայաստանում, ասաց՝ ինչո՞ւ ես քո որդուն ուղարկել Ղարաբաղ կռվելու, դուք հրաշալի գիտեք, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկին, նրա ձայնը լսեմ, հետո կպատասխանեմ քո հարցերին, պատասխանեց՝ արդեն ուշ է, մենք նրան սպանել ենք, գլուխը կտրել ենք․․․ Այդտեղ ես վատանում եմ, վերջ, կապն անջատվում է․․․»։

Ահասարսուռ զանգի մասին Նարեկի հայրը տեղեկացրել էր, թե՛ որդու զորամասում, թե՛ իրավապահներին, անգամ հանդիպել է Արցախի նախագահին և ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարին․

«Գնացել եմ Ստեփանակերտ, հանդիպել եմ Մուրադովին, Արայիկ Հարությունյանին, տվյալները տվել եմ, ներկայացրել եմ, թե ոնց է եղել այդ հեռախոսազանգի պատմությունը, նույնը պատմել եմ Արայիկ Հարությունյանին, ինքն ասաց՝ Աստված տա՝ գերիների մեջ լինի, որովհետև բոլոր գերիներին հետ ենք բերելու»։

Այս հանդիպումից հետո Նարեկի հայրը, այդուամենայնիվ, նոյեմբերին  ԴՆԹ թեստ է հանձնում։ Հունվարի 25-ին, ազգականներից մեկը գնում է Արտաշատ քաղաքի դիահերձարան, քանի որ նրա որդու ԴՆԹ-ի պատասխանը հաստատվել էր։ Նարեկի հայրն էլ նրա հետ գնում է Արտաշատ: Դիահերձարանում փորձագետներից հետաքրքրվում է, թե ո՞ր հատվածից են դուրս բերվել մարմինները․

«Փորձագետին հարցրի, թե որ հատվածից դուրս բերված մարմիններն են, պատասխանեց՝ Հադրութի Ֆիզուլու արանքից, ասացի՝ ցույց տուր այդտեղ զոհվածների նկարները, ցույց տվեց մի քանի կադր, ես ճանաչեցի Նարեկին, իր շորերից՝ գոտին, սվիտրը․․․ Թուրքի հետ խոսելուց հետո, մտածում էի, որ կարող է նրա ասածը ճիշտ լիներ՝ գլխի պահով, բայց ասացի՝ գլուխն էլ ցույց տուր, գլուխը տեղում էր, ճանաչեցի Նարեկին, հենց այդ պահին ԴՆԹ-ն հաստատվեց․․․»։

Նարեկի հայրը հետո է իմացել, որ որդին զոհվել է ընկերների կյանքը փրկելու համար, նահանջ հրաման է եղել, սակայն 6 հոգով գնացել են շրջափակման մեջ հայտնված ընկերներին դուրս բերելու, և ամենայն հավանականությամբ հենց այնտեղ էլ զոհվել են․

«6 հոգով նստում են Ուրալ մեքենան, զենք-զինամթերք, սնունդ տեղափոխում են առաջնագիծ իրենց ընկերներին օգնելու, շրջափակումից դուրս բերելու համար, ու այդ ժամանակ կապը կտրվում է։ Ես պատկերացնում եմ, որ այդ ընթացքում իրենք էլ են ընկնում շրջափակման մեջ, երևի թե մարտի են բռնվում ու զոհվում․․․ Նարեկն այդ քայլին գնաց հանուն հայրենիքի, ինքը շատ էր սիրում հայրենիքը, ընկերներին, իր մեջ միշտ հայրենիքն էր․․․»։

Նարեկի հայրը տանը՝ որդու համար առանձնացված անկյունում, կողք կողքի դասավորել է որդու իրերը․

«Սա Նարեկի հեռախոսն է եղել, իր գրպանում՝ ապակին կոտրված, մյուս հեռախոսը չկա, չեն գտել։ Սա իր խաչն է, միշտ եղել է վզից կախված։ Վրան գրել է՝ «պապ», «մամ», 2 խաչն էլ իր գրպանից են հանել՝ հեռախոսի հետ միասին»։

Նարեկի հետ նույն դիրքերում են եղել  Տիգրան Սահակյանը և Հակոբ Օհանյանը, երկուսն էլ՝ պայմանագրային զինծառայողներ.

«Հոկտեմբերի 8-ին մեզ ասացին, որ առավոտ շուտ գնում եք Ղարաբաղ, հոկտեմբերի 9-ին, առավոտ ժամը 9-ին հասել ենք Հադրութ՝ Կարմիր շուկա։ Նարեկը հա շեշտում էր՝ պիտի կռվենք, պիտի հաղթենք․․․ Ինքը որպես մարդ՝ ամենալավն էր, որպես ընկեր՝ խոսք չկա, որ մեկին էլ հարցնենք, միայն դա կասի»։

«Նարեկը շատ լավ ընկեր էր, Նարեկը շատ լավ մարդ էր, շատ լավ զինվոր էր, Նարեկի հետ շփվելը հաճելի էր բոլորին։ Նվիրված էր ամեն ինչին՝ իր ընկերներին, աշխատանքին, իր ընտանիքին ամենակարևորը․․․ Քառօրյային մասնակցել էր, ասում էր՝ եթե պատերազմ սկսվի՝ նորից պետք է մասնակցեմ, անընդհատ սովորում էր, անընդհատ կարդում էր, ասում էր՝ որ մի բան իմանամ, որ իմ զենքին կարողանամ տիրապետել, որ ոչ մեըկ մեր հողերը չկարողանա վերցնի․․․ Հակառակորդի դիրքերով, իր զենքով, ամեն ինչ սովորում էր»։

 

Տեսանյութեր

Լրահոս