ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ չի կարողանում ձևավորել ընդունելի օրակարգ Արցախյան բոլոր խաղացողների համար․ միջազգայնագետ

Պաշտոնական Մոսկվան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը։ Ավելին, Մինսկի խմբի մշակած հիմնական սկզբունքները հիմք են դարձել նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համար։ Օրերս այս մասին է հայտարարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով, թե ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը պահանջված հարց է: Ռուդենկոն կարծիք է հայտնել, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։

Փոխնախարարի խոսքով՝ քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ուղու հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը:

Ըստ ռուս դիվանագետի՝ կայունությունը տարածաշրջանում բարենպաստ պայմաններ կստեղծի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման մոտեցումների մշակման համար: Russia Today-ին տված հարցազրույցում Ռուդենկոն մասնավորապես նշել է Հարավային Կովկասում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման և նոր տրանսպորտային ուղիների կառուցման կարևորությունը՝ շեշտելով, թե դա բխում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ նաև Վրաստանի շահերից։ Ի դեպ, հիշեցնենք, որ ակտիվացել է Աբխազական երկաթուղին վերագործարկելու թեման։

Հետխորհրդային տարածքից խոսելիս Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալն ընդգծել է, թե Մոսկվան թույլ չի տա, որ Արևմուտքը և առաջին հերթին՝ Միացալ Նահանգները թելադրեն ԱՊՀ երկրներին՝ ինչպես ապրել: Սրա մեկտեղ, Անդրեյ Ռուդենկոն շեշտել է՝ Մոսկվան չունի Խորհրդային Միությունը վերականգնելու ծրագրեր:

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում, դիտարկելով Ռուդենկոյի մեկնաբանությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան, ասաց, որ ՌԴ-ն հասկանում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործելու է՝ նույնիսկ անկախ իր դիրքորոշումներից և պակաս արդյունավետությունից, ուստի շարունակում է ցույց տալ իր առանցքային դերակատարությունը բոլոր հարթակներում, որոնց շրջանակում այս հարցը քննարկվում է։

Ավելին, նրա խոսքով, ռուսական կողմը նաև փորձում է օրակարգը ձևավորել, որը պետք է լինի կողմերի միջև վստահության կառուցումը։

«Իսկ Մինսկի խումբը նորմալ օրակարգ ձևավորելու խնդիր ունի՝ իր հեղինակությունը վերականգնելու համար, և չի կարող կրկին անհասկանալի հեռանկար ենթադրող գործունեություն ծավալել, հատկապես, երբ առանց իր մասնակցության՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և հրադադար հաստատվել ու խաղաղապահներ մտել հակամարտության գոտի։ Սա նույնիսկ որոշ հակասությունների պատճառ դարձավ, իսկ ներկայումս հակասություններ են լինելու ոչ թե Մինսկի խմբի հետագա գործունեության, այլ դրա օրակարգի շուրջ։

Իսկ Արևմուտքը դիտարկում է, որ միակ լուրջ հարցը, որով ինքը պետք է զբաղվի, դա կարգավիճակի հարցն է, ինչը կարող է որոշակիորեն փրկել իր կորսված ազդեցությունը։

Ըստ իս՝ վերջնական համաձայնություն օրակարգի շուրջ դեռ չկա, եթե նման հայտարարություններ են հնչում, և եթե չի կայանում համանախագահների այցը տարածաշրջան։

Հիշեցնեմ, որ վերջերս նրանք հանդիպել էին, իրենց ներսում խորհրդակցություններ անցկացրել, ինչը դրական հանգամանք էր հետագա աշխատանքը կազմակերպելու տեսանկյունից։ Արևմուտքի տեսանկյունից բարդ է այս հարցում սեփական օրակարգն առաջ մղել, քանի որ լծակներ չկան հատկապես հիմա, երբ Ռուսաստանը մեկ հայտարարությամբ կարողացել է նոր իրավիճակ ստեղծել ռեգիոնում, կազմակերպել ապաշրջափակման կարևորագույն հարցեր, ուղղորդել և վերահսկել դրանք։ Արևմուտքի հնարավորությունները շատ սահմանափակ են, Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել, ՌԴ-ն իր օարակարգն է տանում, Թուրքիան ևս կտրված է, միայն Հայաստանն է ցանկանում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսում, և քիչ ռեսուրս կա կայուն, ընդունելի օրակարգ ձևավորելու համար։ Առանց նման օրակարգի՝ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը կլինի անտեղի։

Կարծում եմ՝ դեռ խորհրդակցությունները կշարունակվեն։ Պետք է հասկանալ, որ նաև այս զարգացումներից հետո է՛լ ավելի բարդացավ ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ արժանացավ քննադատությունների մեծ ալիքի, իսկ ՌԴ-ն ամրապնդեց իր դիրքերը, Թուրքիան՝ ևս որոշակիորեն»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ԵԱՀԿ ՄԽ-ն գուցե վերսկսի աշխատանքն այն օրակարգով, որն ընդունելի է բոլորի համար, և դրա ընթացքում կկարողանա նոր օրակարգի շուրջ քննարկումների համար հիմք ստեղծել։

Տեսանյութեր

Լրահոս