Բաժիններ՝

Հայաստանը դարձել է ԵՄ Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամ

Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը: Եվրոպական այս կարևոր կառույցին Հայաստանի անդամկացության մասին հայտարարվել է Ստրասբուրգում` նոյեմբերի 6–9-ը կայացած Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 20-ամյակին նվիրված գիտաժողովի և գործադիր խորհրդի նիստի ժամանակ:

Այս մասին տեղեկացնում է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Հայաստանը ստրասբուրգյան հանդիպանը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը ասել է, որ 20-ամյա աշխատանքային կենսագրություն և հստակ սահմանաված առաքելություն ունեցող այս կառույցը կարևորագույն աշխատանք է կատարում կինոյի և տեսալսողական արդյունաբերության այլ ճյուղերում` օգնելով այդ բնագավառի մասնագետներին: Տեսալսողական օբսերվատորիայի էքսպերտների իրականացրած հետազոտությունները արժեքավոր են և կարևոր դեր ունեն միջազգային ասպարեզում: Այս առումով, Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա զանգվածային տեղեկատվության եվրոպական մասնագետներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն և անցկացնելու իրավական դաշտի վերլուծություն` Հայաստանի տեսալսողական սեկտորում:

Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի ստրասբուրգյան հավաքի ընթացքում, ի թիվս շատ հարցերի, քննարկվել է նաև չափազանց կարևոր և խիստ արդիական` «Թվային դարաշրջանում լրատվամիջոցների համակենտրոնացում» թեման: Թեմայի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արծարծվել են ԶԼՄ- ների համակենտրոնացման անխուսափելիության, վերլուծվել դրանց հնարավոր լուծումները, քննարկվել նոր թվային հարթակների և դրանց ազդեցության հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թվային գլոբալ շուկայի զարգացմանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան հիմնադրվել է 1992 թվականին, այն հանրային ծառայության մի կառույց է, որը բաղկացած է Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված` Եվրամիության անդամ երկրներից և նպատակ ունի տեղեկատվություն հավաքելու և տարածելու Եվրոպայի տեսալսողական արդյունաբերության վերաբերյալ: Օբսերվատորիան գործում է Եվրոպայի խորհրդի իրավական շրջանակներում և աշխատում է մի շարք գործընկեր կազմակերպությունների ու տեսալսողական արդյունաբերության ոլորտի մասնագետների, ինչպես նաև թղթակիցների ցանցի հետ: Գիտաժողովներ կազմակերպելուց զատ օբսերվատորիան հրապարակում է տեղեկատվական զեկույցներ և տեղեկագրերի տարեկան գրքեր»,- ասված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս