«Բուհի ռեկտորի ընտրության կարգը նենգափոխվում է և դառնում է գործող իշխանության կողմից նշանակման գործընթաց». ԵՊԲՀ ռեկտորի իրավական հարցերով խորհրդական
«Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենք. Բուհերը դառնում են ավելի ինքնավա՞ր, թե՞ ընդհակառակը» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանն ասաց, որ ԱԺ ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի և հարակից օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին ամբողջովին բացասական կարծիք հայտնել չի կարելի, քանի որ շատ ծավալուն փոփոխությունների փաթեթ է բերվել, սակայն կան կետեր, որոնք մտահոգիչ են:
«Ինձ համար համակարգային խնդիրներ կային, առաջինը՝ բուհական ինքնավարությունը խաթարող կարգավորումները, որոնք էլ պայմանավորված էին հայեցակարգային մոտեցումների բացակայությամբ, դրա համար էլ այս նախագծում բերված կարգավորումները կարելի է որակել՝ որպես հատվածական կարգավորումներ: Գիտական կազմակերպությունների կարգավիճակի մասով եմ խնդիր տեսնում, օրինակ՝ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման պարագայում դրա մեջ գործող գիտական կազմակերպությունները, ինստիտուտներն ի՞նչ կարգավիճակով են հանդես գալու, ո՞նց են համագործակցելու բուհերի հետ, ասված է, որ ֆինանսավորումն առանձին է կատարվելու, սակայն իրավական տեսանկյունից որոշակիություն նրանց կարգավիճակի հարցում նախագծում չի բերվում»,- ասաց Կոստանյանը:
Պատգամավորի խոսքով՝ շահագրգիռ շրջանակներն ամբողջությամբ չեն ներգրավվել օրենքի փոփոխության նախագծի քննարկումներին, հետևաբար՝ շատ առաջարկներ տեղ չեն հասել: Կոստանյանը նշեց, որ օրենքի փոփոխությունների նախագծով ոտնահարվում է բուհական ինքնավարության սկզբունքը: Պատգամավորի այս պնդմանը համաձայնեց նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի իրավական հարցերով խորհրդական Իզաբել Աբգարյանը: Նրա պնդմամբ՝ հատկապես մտահոգիչ է այն դրույթը, որով սահմանվում է՝ բուհերի կառավարման խորհուրդների կազմը կսահմանափակվի մինչև 9 հոգի, որոնցից 5-ին կնշանակի պետական լիազորված մարմինը, իսկ 4-ին՝ բուհը: Վերոնշյալ 4-ի մեջ մեկը պետք է լինի ուսանող, մեկն էլ՝ բուհի հետ համագործակցող կազմակերպությունների շրջանակից:
«Ստացվում է, որ պետության ներկայացուցիչները, անկախ նրանից՝ նրանք պաշտոն զբաղեցնո՞ւմ են, թե՞ ոչ, ունենում են մեծամասնություն բուհի կառավարման խորհրդում: Պրակտիկայից եկող հանգամանք նշեմ, պետության կողմից ներկայացուցիչները սովորաբար կայուն այլ զբաղվածություն ունեցող մարդիկ են, որոնք օբյեկտիվորեն, երբեմն՝ նաև սուբյեկտիվորեն ի վիճակի չեն խորամուխ լինել բուհական գործունեության բոլոր շերտերին, խնդիրներին: Ստացվում է, որ, մեծամասնություն կազմելով՝ այդ մարդիկ որոշելու են բուհի հետ կապված կարևորագույն, առանցքային, ըստ էության, ռազմավարական հարցեր: Սա մտահոգիչ է, քանի որ բուհական հանրույթը փաստացի զրկվում է իր խոսքն ասելու, որոշումների վրա ներազդելու իր օբյեկտիվորեն, արդարացիորեն տրված հնարավորությունից, լծակից»,- ասաց Աբգարյանը:
Անդրադառնալով ռոտացիոն համակարգին՝ և՛ Կոստանյանը, և՛ Աբգարյանը նշեցին, որ այդ մասին դրույթ չկա, ինչը մի շարք խնդիրների է հանգեցնելու:
«Սա ուսանողների համար որոշակի մոտիվացիա է՝ վճարովի համակարգում սովորելու ժամանակ առաջադիմել, որ անցնեն անվճար համակարգ, ուսանողի առաջադիմության շարունակականությունն ապահովող գործառույթ է, ռոտացիայի մասին ձևակերպումները պետք է վերականգնել»,- ասաց Կոստանյանը:
«Ուսանողների մասով մեզ մտահոգում է ռոտացիոն համակարգի վերացման փաստը, որը ոչ միայն մոտիվացմանը և առաջադիմությունը խրախուսելուն է ուղղված, այլև պետւթյան կողմից տրվող կրթաթոշակների արդար տրամադրման սկզբունքի խախտում է, որովհետև ստացվում է, որ արդեն ընդունվելուց հետո ուսանողին այդ կրթաթոշակը երաշխավորվում է՝ անկախ նրա առաջադիմության մակարդակներ դրսևորելու հանգամանքից: Պետությունը պետք է արդար մոտենա ուսանողներին, արդար վերաբերվի նրանց, եթե դա վերաբերում է խրախուսման համակարգին»,- ասաց Աբգարյանը:
Նրանց նաև մտահոգել են այս փոփոխություններով նախատեսվող ակադեմիական անձնակազմի տարիքային սահմանափակումները:
«Չնայած հասկանալի է կոնտեքստը, այն ուղղված է երիտասարդացմանը ակադեմիական անձնակազմի, այնուամենայնիվ, դա չպետք է կատարվի կացնային եղանակներով, պետությունը պետք է գտնի այլ գործիքներ՝ խրախուսելու ակադեմիական անձնակազմի երիատասարդացումը և խոստումնալից կադրերի ներգրավումը բուհական համակարգում: Տարիքային սահմանափակումները շատ խտրական են, և մարդու կենսաբանական տարիքով չեն կարող կանխորոշվել նրա գիտելիքներն ու ունակությունները: Շատ ցավալի մոտեցում է, որ պետությունը ցանկանում է ամրագրել օրենքի մակարդակով»,- ասաց Աբգարյանը:
ԵՊԲՀ ռեկտորի իրավական հարցերով խորհրդականն ընդգծեց, որ բուհի ռեկտորի ընտրության գործառույթն էլ այս փոփոխություններով այլևս Հոգաբարձուների խորհրդին չի պատկանում:
«Բուհի ռեկտորի ընտրության կարգը նենգափոխվում է, ձևախեղվում է և դառնում է նշանակման գործընթաց: Ստացվում է, որ կառավարման խորհրդում ընտրվում են մինչև 3 թեկնածուներ՝ ընտրանքային եղանակով, որը պարզաբանված չէ, և ինձ համար անհասկանալի է, և ներկայացվում է լիազոր մարմնին նշանակման: Սահմանված չէ, թե ի՞նչ չափանիշերի հիման վրա, ինչի՞ հիման վրա է նախընտրությունը տալու: Ստացվում է՝ բուհական կառավարման երկու մարմինների ղեկավարները՝ կոլեգիալ և միանձնյա, ամբողջովին պետության կամ օրվա իշխանության կողմից են առաջադրվելու ու ղեկավարելու բուհը: Այստեղ կարող ենք արձանագրել, որ բուհական ինքնավարությունն ամբողջովին խաթարված է, վտանգված է»,- ասաց նա:
Իզաբել Աբգարյանը նաև նկատեց, որ հակասություն կա «Հիմնադրամների մասին» օրենքի և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի միջև, քանի որ ըստ առաջինի՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը պետք է ընտրի իր ղեկավարին, տվյալ դեպքում՝ ռեկտորին, այս դրույթից շեղումներ օրենքով նախատեսված չեն: