«Ամոթ», «հեռացիր». Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում չեն ընդունում նոր տնօրենին
Այսօր Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ուսուցիչները՝ գործադուլ, իսկ աշակերտները՝ դասադուլ են անում: Պատճառը նոր տնօրենն է, որը, նրանց պնդմամբ՝ ընտրվել է քաղաքական հովանավորչությամբ: Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, դպրոցի անձնակազմը, աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի առջև և հայտնել էին, որ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարազատները ներգրավված են բոլոր դպրոցների խորհուրդների կազմերում՝ անհրաժեշտ ձայներ ապահովելու համար: Հենց նրանց միջոցով էլ ընտրվել է իրենց դպրոցի նոր տնօրենը՝ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քարմիլե Առաքելյանը:
Նրա հետ առաջադրվել էր նաև դպրոցի նախկին տնօրենը՝ Մետաքսյա Բաբայանը, որից գոհ են և՛ ուսուցիչները, և՛ ծնողներն ու աշակերտները: Թեկնածուները հավաքել են հավասար ձայներ, այս դեպքում տնօրենի թեկնածուի ընտրության հարցը պետք է որոշեր ԿԳՄՍ նախարարը: Այսօր Քարմիլե Առաքելյանը դպրոց էր եկել ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի և ոստիկանների ուղեկցությամբ, սակայն նրան ուսուցիչներն ու աշակերտները դիմավորեցին կոչերով ու վանկարկումներով. «Ամոթ, հեռացիր»:
Դպրոցի բակում հավաքվածները մեջքով շրջվեցին նորընտիր տնօրենին՝ ի նշան բողոքի: