Շուկան սեղմվում է, գործազրկությունն ավելանում

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, որ իշխանափոխությունից հետո իրեն հաջողվել է Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղեր ավելացել։ Ոչինչ, որ դրանք հիմնականում նախկինում չհայտարարագրված կամ հարկային մարմինների աչքից հեռու գտնվող աշխատատեղերն էին։ Որպես այդպիսին՝ նոր աշխատատեղեր հիմնականում չէին ստեղծվում, կամ, եթե նույնիսկ ստեղծվում էին, ապա դրանց թիվը շատ քիչ էր։

Հիմա արդեն նույնիսկ հայտարարագրվող աշխատատեղերը չեն ավելանում։ Եվ ոչ միայն չեն ավելանում, այլև բավական մեծ տեմպերով կրճատվում են։ Միայն հոկտեմբեր-նոյեմբերին Հայաստանում կրճատվել է շուրջ 20 հազար աշխատատեղ։ Խոսքը փաստացի վճարվող աշխատատեղերի մասին է։

Պետեկամուտների կոմիտեի տվյալներով, եթե սեպտեմբերին Հայաստանում եղել է այդպիսի 635 հազար աշխատատեղ, ապա նոյեմբերին մնացել է 615 հազարը։

20 հազար վճարվող աշխատատեղ փակվել է, կամ 2 ամսում 20 հազար մարդ համալրել է գործազուրկների բանկը։

Բայց դա աշխատաշուկայում տեղի ունեցած փոփոխությունների ամբողջական պատկերը չէ։ Եղել են նաև բազմաթիվ աշխատատեղեր, որոնք, թեև պահպանվել են, այնուհանդերձ չեն վճարվել։ Այսինքն՝ դրանք գոյություն են ունեցել միայն թղթի վրա։ Այդ աշխատատեղերը զբաղեցնողներն աշխատավարձ չեն ստացել ու եկամուտ չեն ապահովել իրենց համար։

Նման աշխատատեղերի թիվ սեպտեմբերին կազմել է գրեթե 14 հազար։ Արդեն նոյեմբերին հասել է 17 հազարի։

Ստացվում է, որ հոկտեմբեր-նոյեմբերին 20 հազար աշխատատեղ ուղղակի փակվել է։ Եվս 17 հազարը եղել է չվճարվող։ Այդ ամիսներին ընդհանուր առմամբ 37 հազար մարդ զրկվել է աշխատավարձի տեսքով  եկամուտ ստանալու հնարավորությունից։

Սոցիալական առումով, թե դա ինչ է նշանակում այդ մարդկանց համար, դժվար չէ պատկերացնել։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն համատարած թանկացումները, որոնք վերջին շրջանում արձանագրվում են առաջին անհրաժեշտության լայն սպառման բազմաթիվ ապրանքների շուկաներում։

Աշխատատեղերի փակումն ինքնըստինքյան նշանակում է՝ գործազրկության աճ։ Թեև առանց դրա էլ գործազուրկների քանակը Հայաստանում քիչ չէ։

Հրապարակված վերջին տվյալներով, որոնք վերաբերում են անցած տարվա երրորդ եռամսյակին, Հայաստանում առկա է շուրջ 227 հազար գործազուրկ։ Տեղի է ունեցել գործազրկության աճ։ Եվ ոչ միայն հոկտեմբեր-նոյեմբերին, այլև տարվա կտրվածքով։

Գործազուրկների քանակն անցած տարվա երրորդ եռամսյակում ավելի շատ է եղել, քան մեկ տարի առաջ։ Մեկ տարվա ընթացքում գործազուրկների քանակն ավելացել է 8,2 հազարով։ 2019թ. երրորդ եռամսյակում գործազուրկ է եղել 218,7 հազար, 2020թ. երրորդ եռամսյակում՝ 227 հազար մարդ։

Մեկ տարվա ընթացքում գործազուրկների քանակն ավելացել է ևս 1 տոկոսով։ Վերջին տվյալներով՝ աշխատունակ բնակչության ավելի քան 18 տոկոսն աշխատանք չունի։

Աշխատաշուկայում տեղի ունեցած փոփոխությունները, իհարկե, այսքանը չեն։ Կան նաև այլ հետաքրքիր փաստեր։

Պաշտոնական տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում զբաղված քաղաքացիների թիվը Հայաստանում կրճատվել է շուրջ 41 հազարով։ 2019թ. երրորդ եռամսյակում զբաղված է եղել 1 մլն 64 հազար մարդ, 2020թ. երրորդ եռամսյակում՝ 1 մլն 23 հազար մարդ։

Ենթադրվում է՝ աշխատաշուկայում արձանագրված այս միտումները միայն առաջին ծիծեռնակներն են։ Մեծ հավանականությամբ դրանք շարունակվել են նաև հետագա ամիսներին, որոնց վերաբերյալ տվյալներն առայժմ բացակայում են։

Տնտեսական իրավիճակը մեր երկրում այնպիսին չէ, որ թույլ տա խոսել աշխատատեղերի ավելացման կամ գործազրկության կրճատման մասին։ Ունենք անկումային տնտեսություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

Միայն հոկտեմբեր-նոյեմբերին Հայաստանում հարկ վճարող կազմակերպությունների թիվը կրճատվել է գրեթե 1,5 հազարով։ Դրանք կազմակերպություններ են, որոնք ապահովում են նաև աշխատատեղեր։ Թեև այդ կազմակերպությունների փակումը համընկնում է ղարաբաղյան պատերազմի ժամանակահատվածի հետ և գուցե շատ բանով թելադրված է պատերազմի գործոնով, այնուհանդերձ, այնպես չէ, որ հետպատերազմյան շրջանում տնտեսական զարգացումների համար մեծ բան է փոխվել։

Հետպատերազմյան շրջանում տնտեսական ռիսկերը պակաս քիչ չեն, ինչքան պատերազմի շրջանում էին։ Ընդհակառակը՝ հիմա դրանց ավելացել են նաև այն անորոշությունները, որոնք կապված են երկրի ապագայի ու անվտանգության հետ։ Նման պայմաններում դժվար է ակնկալել տնտեսական լուրջ ծրագրեր ու զարգացումներ, որոնք կարող են նպաստել աշխատատեղերի ավելացմանն և գործազրկության կրճատմանը։

Աշխատատեղերի կրճատումն ու գործազրկության մակարդակի ավելացումը խոսում է երկրում սոցիալական իրավիճակի վատացման ու հասարակության աղքատացման մասին։ Կորցնելով աշխատանքը, մարդիկ կորցնում են իրենց եկամուտները։ Եթե նախկինում շատերը փորձում էին իրենց աշխատանքի ու եկամուտների հարցերը լուծել դրսում, ապա համավարակի ու սահմանների փակ լինելու պատճառով՝ դա էլ է անհնարին դարձել։ Անցած տարի տասնյակ-հազարավոր քաղաքացիներ չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի, իսկ ներսում աշխատանք գտնելու հույսեր չկան։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տասնյակ-հազարներով ավելացող աշխատատեղերը հիմա կրճատվում են։ Թեև այնպես չէ, որ դրանք աշխատանքի հնարավորություններ էին ապահովում գործազուրկների համար։ Գործազրկության կրճատումը կարող է լինել միայն նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Այնինչ, նախկինում մեր երկրում նոր աշխատատեղեր շատ քիչ էին ստեղծվում, հիմա առավել ևս՝ մեծ հույսեր չեն կարող լինել։

Նոր աշխատատեղերի ստեղծումը կապված է նոր տնտեսական ծրագրերի հետ, որոնք վերջին տարիներին գրեթե չեն հանդիպում։ Եթե նույնիսկ հանդիպում են, ապա կարճ ժամանակ անց դադարում են գործել։

Զարմանալի չէ, որ իշխանությունները երբեմն-երբեմն թարմացնում են տարիներ առաջ սկսված ու տեղում դոփող հատուկենտ ծրագրերը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե նոր ծրագրեր են մեկնարկել։ Նման մանիպուլյացիաները գուցե ազդում են հասարակության տրամադրությունների վրա, բայց ոչինչ չեն տալիս նրան։ Այնպես, ինչպես չտվեցին այն տասնակ-հազարավոր աշխատատեղերը, որոնց ստեղծման մասին, պատեհ-անպատեհ առիթով, խոսում էր Նիկոլ Փաշինյանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս