Պայքարը չի ավարտվել. Մանե Թանդիլյանի ուղերձը Բանակի օրվա առիթով
Արցախի դեմ պատերազմը պարտադրում է յուրովի վերաիմաստավորել բանակի օրը: Նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ Բանակի օրվա առթիվ իր ուղերձում:
«Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակի առաջ, վիրավոր մարտիկներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը նորանկախ պետության կարևորագույն կառույցներից մեկի՝ բանակի կազմավորման շնորհիվ այլ ընթացք ունեցավ։
Մենք չկարողացանք երեք տասնամյակի ընթացքում կառուցել մեր զինվորին արժանի պետություն՝ մարտի դաշտում թողնելով նրան միայնակ իր անձնուրացության ու քաջության հետ։Ցավոք, մենք չունեցանք այն գիտակցումը, որ հաղթել էինք ճակատամարտը, և ոչ թե պատերազմը։ Նույնը հիմա. պայքարը չի ավարտվել»,-նշել է Թանդիլյանը:
Ըստ նրա՝ չի ավարտվել՝ հզոր, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան և Արցախ կառուցելու պայքարը։ Բանակի հզորացումը պետք է հանդիսանա հզոր պետության հիմնասյուներից՝ որպես հզոր տնտեսության ամբողջություն։
Նախարարը նշել է, որ այդ ճանապարհին ամենամեծ թշնամին ժամանակի կորուստն է, որը ցավոք շարունակվում է անգամ պատմական ողբերգությունից հետո։
«Մենք այլևս ժամանակ չունենք շարունակել ապրել անցյալի անվերջ վերլուծություններով, անցյալի ու ներկայի մեջ ընտրություն կատարելով։ Մեր միտքն ու գործը պետք է ուղղվի ապագային՝ անցյալից ու ներկայից վերցնելով սխալների վերաիմաստավորումը՝ նոր, ավելի կործանարար սխալներից խուսափելու համար։ Յուրաքանչյուր օր մենք պարտավոր ենք ունենալ ավելի հզոր, ավելի բարեկեցիկ Հայաստան ու Արցախ, որը դառնալու է ապրելու հայրենիք՝ ապագայով լցված վստահությամբ»,-նշել է Թանդիլյանը:
Նա շեշտել է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունը այսուհետ պետք է ապահովեն պետության հզորացման այլ սկզբունքներ, որոնք միտված են ունենալ գիտելիքի, աշխատանքի, արարման հիման վրա կառուցված հզոր տնտեսություն։
«Մեր հերոսները նահատակվեցին՝ հանուն ապրելու Հայաստանի և Արցախի։
Փա՛ռք մեր հերոսներին։Կեցցե՛ հայոց բանակը»,-ասված է ուղերձում: