Սերժ Սարգսյանի ժամանակ ավիացիա ձեռք բերելու առաջարկներ եղել են, բայց կարևորվել է ՀՕՊ-ը. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին, ասաց, որ պատերազմի ընթացքում մեր գործողությունների համար պատասխանատվություն կրող մարդուց այլ հարցազրույց էր սպասում:

«Ես Դավիթ Տոնոյանից այլ ոճի, որակի և բնույթի  հարցազրույցներ էի սպասում, հատկապես՝ աշնանային պատերազմից հետո, այն պարագայում, երբ Պաշտպանության նախարարը պատերազմի ընթացքում անմիջական պատասխանատվություն է կրում բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք  շատ որոշիչ են եղել մեր պարտության համար, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է ընդդիմության կողմից, տարբեր մասնագետների, փորձագետների կողմից, և առ այսօր մնացել են անպատասխան: Սա շատ ցավալի է, ցավալի է այն հանգամանքը, որ Պաշտպանության նախկին նախարարը խոսում է այսօր արդեն որևէ նշանակություն չունեցող խնդիրների մասին: Իմ տպավորությունն այն էր, որ հարցազրույց էր ոչնչի մասին»,- ասաց Զաքարյանը:

Նա պնդեց, որ Դավիթ Տոնոյանի՝ հարցազրույցում արտահայտած մտքերն ինքնապաշտպանական բնույթ ունեին:

«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը հիմա շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար: Երբ Նիկոլն էլ անցնի պատմության գիրկը, անցյալից սկսելու է ինքնապաշտպանական տարբեր տեսակի հայտարարություններ անել, մասնավորապես՝ դատական գործընթացների ընթացքում: Չեմ պատկերացնում, թե ովքե՞ր են լինելու պաշտպանները, բայց հաստատ ինքնապաշտպանությունը մարդու այդ տեսակի մոտ զարգացած է, եթե մարդ ստախոս է իր էությամբ, բնականաբար, նա պատրաստ է նաև ինքնապաշտպանական ամենատարբեր անհեթեթություններ ասելու: Դա այս գործող իշխանությունների՝ կապ չունի արդեն՝ նախկի՞ն ներկայացուցիչ, թե՞  դեռևս ներկա, ամեն դեպքում, սա իրենց գործելաոճն է: Բայց դա չի փրկում ո՛չ մեր երկիրը, ո՛չ մեր քաղաքական համակարգը, ո՛չ  մեզ դուրս է բերում այն պրոբլեմների միջից, որոնց մեջ մենք այսօր, ցավոք, գտնվում ենք և շարունակում ենք խորանալ այդ խնդիրների մեջ: Պաշտպանության նախկին նախարարի հարցազրույցը բոլորովին այլ բաների մասին պետք է լիներ, այստեղ ես ոչ մի կարևոր բան չտեսա»,- ասաց Զաքարյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարարը մի շարք հարցեր ունի Դավիթ Տոնոյանին, որոնց պատասխաններն այդպես էլ չի ստացել:

«Պաշտպանական քաղաքականության այն սխալները, որոնք արվել են 2 տարի և ավելի, այն հայտարարությունները, որոնք արվել են նաև քաղաքական դաշտում, բանակցային դաշտում դարձել են պատճառներից մեկը, որը մենք տեսնում ենք՝ որպես պատերազմի հրահրում: Այն խնդիրները, որոնք բաց են մնացել և Ադրբեջանի կողմից պաշտպանական բալանսի, ռազմական բալանսի խախտման արդյունքում 2020թ.-ի փետրվարից սկսած, որոնց վրա պատշաճ ուշադրություն  չի դարձրել ՀՀ պաշտպանության համակարգը, պաշտպանական քաղաքականությունը: Դավիթ Տոնոյանը խոսում է իրավական խնդիրների մասին, որն իրեն հնարավորություն չի տվել՝ որպես պաշտպանության նախարար՝ պատերազմի ընթացքում վարչապետ-ՊՆ-ԳՇ եռանկյունու մեջ դերակատարություն ունենալ: Սրա մասին Կրթության նախարարը, կամ «Հայրենիք» կուսակցությունը, կամ ՀՀԿ-ն չէր, որ պետք է  պատասխան տար: Սա ասելը նշանակում էր՝ ուղիղ մեղադրանք նաև վարչապետին: Գերագույն գլխավոր հրամանատարի և Անվտանգության խորհրդի խնդիրն է՝ գտնել էն ամենաէֆեկտիվ լուծումները, որոնք պատերազմական իրավիճակում պետք է այդպիսի նշանակության հարցեր չառաջացնեին: Մենք տեսել ենք և բազմիցս դրա մասին ասել ենք, որ պատերազմի ընթացքում պաշտպանական քաղաքականությանը, ռազմաքաղաքական բազմաթիվ խնդիրներին, այսպես կոչված, գերագույն գլխավոր հրամանատարի, դիլետանտ հրամանատարի ուղիղ խառնվելը և քաղաքական ուղղորդումները մեզ բերել են պարտության, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է»,- ասաց Զաքարյանը:

Նա վստահեցրեց, որ մեր բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր կատարել, ինչպես կատարել է 26 տարի:

«Մեր բանակը 26 տարի շարունակ մեզ պաշտպանել է՝ ապահովելով մեր անվտանգության գոտին, պաշտպանական համակարգերն ամրացնելով, որևէ մեկը թող չասի, որ դրանք համահունչ էին  բանակցային գործընթացին, և արվում էր այնքանով, ինչքանով դա բանակցային գործընթացում պետք է հավասարակշռեր, նման խնդիր չի եղել: Պաշտպանական համակարգին 26 տարի շարունակ շատ մեծ ուշադրություն է դարձվել, և 26 տարի մեր բանակը պաշտպանել է մեզ»:

Արտակ Զաքարյանը նշեց, որ 5 տարին մեկ ՊՆ-ի առջև բանակի արդիականացման խնդիր է դրվել՝ կախված հակառակորդի սպառազինությունից: Նոր հայեցակարգ է մշակվել 2016-ի ապրիլից հետո, երբ Ադրբեջանն առաջին անգամ, ոչ այնքան հաջող, բայց կիրառել է անօդաչու թռչող սարքեր:

«Ադրբեջանը տարիներ շարունակ ուղղակի չի կարողացել հասնել նրան, որ մեր տարածաշրջանում՝ հատկապես Ղարաբաղյան խնդրի շուրջ, ռազմաքաղաքական բալանսը խախտի, մինչև Ադրբեջանի զինված ուժերում հայտնվեցին բայրաքթարներ, ինչի մասին այսօր ամբողջ աշխարհն է խոսում: Բայրաքթարների նկատմամբ մեր զինված ուժերի կողմից չեղավ պաշաճ վերաբերմունք, և շարունակվեց բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները, գումարներն ուղղվեցին բոլորովին ոչ նպատակային ծախսեր իրականացնելուն, որ Նիկոլն իրան լավ զգա, մատակարարումներ, սնունդ, ինքնաթիռներ, ելակ, ջուր»,- ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ 2016-ից մեր Զինված ուժերի վրա խնդիր է դրվել հակաօդային պաշտպանությանն առավել մեծ ուշադրություն դարձնել:

«2017-ին երբ մշակվեց 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը և հաստատվեց հանրապետության նախագահի կողմից 2018-ի փետրվարին, հստակ յուրաքանչյուր տարվա համար նախատեսված էր, թե հակաօդային պաշտպանության ինչպիսի զարգացում պետք է ունենա, չգիտես ինչու, հակաօդային պաշպանության զարգացման այդ փուլից որոշվում է, որ պետք է ավիացիա ձեռք բերվի, ձեռք է բերվում ավիացիա՝ կյանքը ցույց տվեց, որ որևէ բանով պիտանի չեղավ: Սերժ Սարգսյանի ժամանակ բազմիցս առաջարկներ եղել են ավիացիա գնելու, բայց մեր զինվորականները շեշտը դրել են հակաօդային պաշտպանության զարգացման վրա»,- ասաց Զաքարյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարարը նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչակազմը «PR-վել» են նախկինում կատարված հսկայածավալ աշխատանքի վրա՝ դրանով քնեցնելով հանրությանը:

«Երբ այսօր քարտեզին նայում ենք, տեսնում ենք, թե ինչպես մեր իշխանությունները մեծ և համառ ջանքերով ադրբեջանական բանակին բերեցին, հասցրին Շուշի և ավարտեցին պատերազմը, ստորագրեցին կապիտուլյացիա»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս