Բրազիլիայում չինական պատվաստանյութի արդյունավետությունը գրեթե 30 տոկոսով պակաս է եղել հայտարարվածից

Բրազիլիայում անցկացված կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը գրեթե 30 տոկոսով պակաս է ավելի վաղ հայտարարվածից: Այդ մասին հաղորդել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով բրազիլական Սան-Պաուլուում գտնվող «Բուտանտան» հետազոտությունների ինստիտուտին: Անցյալ շաբաթ ինստիտուտը հայտարարել է, որ Sinovac-ի պատվաստանյութն արդյունավետ է 78 տոկոսի դեպքում, եթե հիվանդությունն ընթանում է թեթեւ ձեւով, եւ՝ 100 տոկոսի դեպքում, եթե հիվանդությունը ծանր է ընթանում: Սակայն այժմ բրազիլացի փորձագետները հայտարարել են, որ պատրաստուկի արդյունավետությունը կազմում է 50,4 տոկոս:

«Բուտանտան»-ում իրականացված կլինիկական հետազոտությունների ղեկավար Ռիկարդու Պալասիոսը հայտարարել է, որ նոր տվյալները հայտնվել են, երբ փորձարկումներին միացել են կորոնավիրուսի «շատ թեթեւ» ախտանշաններ, օրինակ՝ գլխացավ ունեցող հիվանդները: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ այն դեպքերում, երբ հիվանդությունն ընթանում է ավելի ծանր, պատվաստանյութի արդյունավետությունն իսկապես ավելի բարձր է: Ինդոնեզիայում փորձարկումների ժամանակ Sinovac ընկերության պատվաստանյութն արդյունավետություն է ցուցաբերել 65,3 տոկոսի դեպքում, Թուրքիայում՝ 91,5 տոկոսի դեպքում:

Կարգավորիչ մարմինների կողմից պատվաստանյութի կիրառումը հաստատելու համար դրա արդյունավետությունը պետք է լինի 50 տոկոսից բարձր: Բրազիլիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների թվով՝ զիջելով միայն Հնդկաստանին եւ ԱՄՆ-ին: Համավարակի սկզբից ի վեր այստեղ հիվանդացել Է ավելի քան 8 միլիոն մարդ, 204 հազարից ավելին մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս