«Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն. Ամանորին ալյուրի գնի ակնհայտ տատանումներ չեն լինի
«Չեմ կարող ասել՝ ինչ կլինի վաղը: Մենք բորսակայան անցուդարձով ենք մեկնաբանում գները: Նայած ինչպիսին կլինի բորսան այդ օրերին, սակայն ակնհայտ մեծ տատանումներ չեն լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:
Նիկողոսյանի խոսքերով, ալյուրի գները միջազգային շուկայում ավելի բարձր են, քան Հայաստանում։ Նա տեղեկացրեց, որ հուլիս ամսին ալյուրի մեկ ցենտների գինը եղել է 28 դոլարին համարժեք։ «Այսօր եթե ալյուրի համաշխարհային գները բարձրացել են 40 տոկոսով, ապա 39 դոլար պետք է լիներ ալյուրի համաշխարհային գինը, ինչպես նաև Հայաստանի շուկայում նույնպես այդ գինը պետք է լիներ։ Բայց ոչ, Հայաստանում ալյուրի գինը 33 դոլար է կամ փոքր-ինչ ավելի»,- ասաց Գ.Նիկողոսյանը:
Խոսելով վերջին շրջանում Փոթիում տեղի ունեցած գործադուլների մասին՝ «Մանանա Գրեյնի» տնօրենը նշեց, որ, բացի բորսայական գներից, ազդում են նաև նմանատիպ իրավիճակները: Նա նաև հավելեց, որ գների տատանումը տեղի է ունենում ժամը մեկ, և բնական է, որ 15 օր ճանապարհ անցնող բեռը մի քանի անգամ գին է փոխում՝ մինչև սպառողին հասնելը:
«Իրականում բորսայական գները տատանվում են ժամը մեկ, իսկ ալյուրը Հայաստան է հասնում 15-20 օրվա ընթացքում: Բացի այդ, գործադուլների արդյունքում նավը, որը բեռնված է ցորենով, կանգնում է նավահանգստում, իսկ ներկրողը ստիպված է վճարել՝ անկախ ամեն ինչից: Այդ ամենն արժեք է»,- մեզ հետ զրույցում ասաց Գ.Նիկողոսյանը:
168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք Ամանորին սպառողը հացը կգնի ավելի բարձր գնով, ընկերության ղեկավարը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչ կլինի վաղը: Մենք բորսակայան անցուդարձով ենք մեկնաբանում գները: Նայած՝ ինչպիսին կլինի բորսան այդ օրերին, սակայն ակնհայտ մեծ տատանումներ չեն լինի: Համահունչ տատանումներ կլինեն, որոնք կապ չունեն ներքին շուկայի հետ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Սպառողների միություն հ/կ նախագահ Արմեն Պողոսյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ հացի գների թանկացումն ունի մի քանի պատճառ, որոնցից կարևորագույնը շուկայի գերկենտրոնացումն է: