«Հունվարի վերջին կամ փետրվարին տնտեսական կոլապսի ենք հասնելու, ե՞րբ ենք արտահերթ անելու». Թևան Պողոսյան

Օրերս Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

168.amի հետ զրույցում  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նշեց՝ այսօր ունենք լիակատար կաթվածահար պետական համակարգ, պարտություն, բարոյահոգեբանական խնդիրներ, և այս ամենով հանդերձ՝ ինչպե՞ս ենք ասում՝ եկեք արտահերթ ընտրություններ անենք:

«Բարձր ոգեշնչման պայմաններում 2018-ի մայիսին այդ նույն անձն ասում էր, որ հիմա չի կարելի այդքան շուտ գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ մնացածները պետք է պատրաստվեն, որ հետո էյֆորիայի մեջ չմեղադրեն: Հիմա այսօրվա դրությամբ այդ մարդու մոտ ի՞նչ փոխվեց, երբ այսօր արտահերթ ընտրություններն իր մեջ սպառնալիքներ են պարունակում, որ ամբողջ նախընտրական ժամանակահատվածում ոչ թե ծրագրեր են ներկայացվելու, այլ լինելու է մեղադրանքների դաշտ: Ի՞նչն է նպատակը, կարո՞ղ է՝ նա է, որ քանի որ մեղադրելն իր մոտ լավ է ստացվում, փորձում է այդ շրջանակը պահել: Եթե ասում ենք՝ մեզ պետք են արտահերթ ընտրություններ, ապա գոնե մեկ անգամ դրա մեջ պետք է իմաստ դնել և հանրությանը հանգիստ կերպով ծրագրեր ներկայացնել, 5 տարվա տեսլական, գործողությունների ծրագիր: Պարտվողական հոգեբանության մեջ ի՞նչ ընտրություններից են ուզում խոսել: Պետք է գիտակցել, որ ՀՀ-ն հիմա կանգնած է տնտեսական, սոցիալական, ֆինանսական, անվտանգային խնդիրների առաջ, սրանք թողած, ճգնաժամը չհաղթահարած, մենք որոշում ենք, որ պետք է գնանք արտահերթ ընտրություննների՞: Հունվարի վերջին կամ փետրվարին տնտեսական կոլապսի ենք հասնելու: Ե՞րբ ենք արտահերթ անելու: Մեկ շաբաթ առաջ ասում էին, թե մինչև չկայունացնեն վիճակը, ոչ մի բանի չեն գնա: Ես չեմ հասկանում՝ դուք ձեր խոսքի տերը կարողանո՞ւմ եք լինել, երբ մի բան ասում եք, իմաստ դնո՞ւմ եք: Հիմա հնարավոր է՝ գնան կոնսուլտացիաների, այս ամեն վտանգները քննարկեն և ասեն՝ հաշվարկեցինք, և պարզվեց, որ 2.5 տարի հետո է պետք արտահերթն անել: Իրենց վրա չեն ծիծաղելո՞ւ»,- նշեց նա:

Ըստ Թևան Պողոսյանի, այսօրվա դրությամբ ՀՀ-ին հակաճգնաժամային թիմ է պետք, և միայն այս թիմով ճգնաժամերը հաղթահարելուց հետո է պետք մտածել արտահերթ ընտրությունների մասին՝ դա կլինի 6 ամիս, 7 ամիս թե մեկ տարի:

«Այն, որ նրանք՝ այսօրվա իշխանությունները, պետք է հեռանան, դա լիակատար խնդիր է: Այնուհետ պետք է ստեղծվի ժամանակավոր կամ հակաճգնաժամային կառավարություն, և այդ կառավարիչները կարողանան կանգնեցնել ճգնաժամը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս