«Լենա Նազարյանը և մի խումբ անձինք կատարել են հանցագործություն»․ Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանը ֆեյսբուքան իր էջում գրում է․ «Լենա Նազարյանը և մի խումբ անձինք կատարել են հանցագործություն
Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես գիտենք, վերջերս նիստ գումարեց և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում ընդունեց։
Այդ օրերին Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարն էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով էլ ստորագրել է և սահմանադրական դատարան է ուղարկել որոշումը։ Պարզվում է, որ Լենա Նազարյանը, մի խումբ անձանց օժանդակությամբ կեղծել է որոշումը և այդ կեղծված որոշումն է ուղարկել Սահմանադրական դատարան։ Իսկ այդպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։
Այսպես, ՀՀ Ազգային ժողովի կայքում 2020 թվականի նոյեմբերի 25-ին հրապարակվել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին ԱԺ խորհրդի թիվ ԱԺԽՈ—65-Ա որոշումը, որի 2-րդ կետում գրված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Ստացվում է, որ ԱԺԽՈ—65-Ա որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 25-ին։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն որոշումը պետք է Սահմանադրական դատարան ուղարկվեր ընդունման պահից 24 ժամվա ընթացքում։
Քանի որ վաղուց եմ համոզվել, որ ԱԺ-ում որևէ գործառույթ իրականացնելիս, եթե դրան մասնակցում են իմքայլականները, անհնար է թույլ տրված չլինեն խախտումներ, որոշեցի Սահմանադրական դատարանից պարզել, թե արդյո՞ք ժամանակին և պատշաճ ընթացակարգերով է նշված որոշումն ուղարկվել իրենց։ Հենց այստեղ էլ բացահայտվեց մի խումբ անձանց օժանդակությամբ Լենա Նազարյանի կողմից թույլ տրված պաշտոնեական կեղծիքը։
ՍԴ-ից ստացա ԱԺ խորհրդի որոշումը, որի 2-րդ կետը տարբերվում էր ընդունված և հրապարակված նույն որոշման 2-րդ կետից։ Այդ կեղծված որոշման 2-րդ կետում գրված է՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։
Այսպիսով, ունենք նույն ամսաթվով, նույն համարով, նույն մարմնի կողմից ընդունված, նույն պաշտոնատար անձի կողմից ստորագրված երկու իրարից տարբերվող որոշումներ։ Առաջինում, որը հրապարակվել է ԱԺ կայքում, գրված է, որ այն որժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ երկրորդում, որը ստացվել է Սահմանադրական դատարանից, գրված է՝ թե ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ Իսկ թե դրանցից որն է կեղծը, այս դեպքում էական չէ, էականն այն է, որ թույլ է տրվել պաշտոնեական կեղծից, որի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պարտականությունը ՀՔԾ-ինն ու դատախազությանն են։
Հիմա կտեսնենք ու ևս մեկ անգամ կհամոզվենք, թե որքանով են ճիշտ գլխավոր դատախազի ու ՀՔԾ պետի պնդումները, թե իրենք քաղաքականությունից դուրս են։ Մինչ օրս ճիշտ հակառակը համոզվելու հարյուրավոր փաստեր ենք ունեցել։
Հ.Գ. երբ հարցումս ուղարկեցի ԱԺ և ՍԴ, հենց հաջորդ օրը ԱԺ պաշտոնական կայքից հեռացվեց կից նկարում ներկայացված առաջին որոշումը։ Նրանք հավանաբար կարծել են, թե չունեի դրա լուսապատճենը։ Իսկ իրենց խմբային շահերից ելնելով կեղծելու միտումն այնքան հրատապ է եղել, որ նույնիսկ կեղծվածում թողել են Արարատ Միրզոյանի անուն ազգանունը, բայց ստորագրել է Լենա Նազարյանը։
Կից ներկայացված են երկու որոշումների լուսապատճենները»։