Ինչո՞ւ է Պուտինը Ղարաբաղը համարում Ադրբեջան

Մինչ հայաստանյան հանրությունը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Սյունիքում, ինչպե՞ս է գծվում հայ-ադրբեջանական նոր սահմանը և ի՞նչ պայմաններով ու սկզբունքներով, Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական օղակը սեղմվում է, Հայաստանի համար հակասական և բարդ հայտարարություններ են հնչում։

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցող պուտինյան «Մեծ ասուլիս»-ն առանց Արցախյան թեմայի չանցավ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ղարաբաղյան հրադադարի հայտարարության կարևորությանը, ռուսական շահերին, պայմանավորվածությունների պահպանման կարևորությանը՝ հադրության զարգացումների ֆոնին։

ՌԴ նախագահը պարզորոշ, առանց հայ-ռուսական հարաբերություններից կաշկանդվելու՝ նկարագրեց թուրքական դիրքորոշումն Արցախյան ողջ պատերազմի ընթացքում՝ ասելով, որ հրապարակայնորեն հայտարարված է, որ Թուրքիան, ինչպես իրենք են կարծում, պաշտպանել է Ադրբեջանի արդար գործը, հենց տարածքների վերադարձը, որոնք օկուպացվել էին ռազմական բախումների հետևանքով 1990-ական թթ․։ «Միջազգային իրավական տեսանկյունից՝ այդ բոլոր տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը։ Կրկնեմ ևս մեկ անգամ՝ ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից ևս Ադրբեջան է։ Բայց իրավիճակը, իմ կարծիքով, ավելի բարդ է, քան պարզ նորմատիվային պոստուլատները, այդ թվում՝ միջազգային իրավական։ Էթնիկական հակամարտության արմատները սկսվեց Սումգայիթից, ապա տեղափոխվեց ԼՂ, այստեղ յուրաքանչյուր կողմ իր ճշմարտությունն ունի, և ԼՂ հայերն այն ժամանակ տարածք են վերցրել, որպեսզի պաշտպանեն սեփական կյանքն ու արժանապատվությունը»,- ասաց Պուտինը։

Սակայն նա ընդգծեց, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ պայմանավորվել են, որ ռազմական գործողությունները դադարում են։

«Եվ այստեղ կա շատ կարևոր բան, պայմանավորվել ենք, որ կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որի ժամանակ մենք ստորագրել ենք այդ եռակողմ հայտարարությունը։ Հենց այնտեղ էլ պետք է բոլորը կանգ առնեն։ Այս կապակցությամբ մի շարք տեխնիկական հարցեր են առաջանում, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ»,- նշեց Պուտինը։

Ըստ էության, առաջին անգամ է, երբ Պուտինը Ղարաբաղը որակում է՝ որպես ադրբեջանական տարածք՝ դրանով իսկ հայկական կողմի համար հստակեցնելով պաշտոնական Երևանի կողմից Արցախի անկախության չճանաչման հետևանքները։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն Արցախը ճանաչելու թեմային անդրադարձել էր իր վերջերս տված հարցազրույցում ևս, սակայն, շատ ավելի մեղմ ձևակերպումներով։

Ուշագրավ են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետպատերազմյան հայտարարությունները։ Ադրբեջանի նախագահը չի կողմնորոշվում՝ կամ նշում է, որ զրոյացրել է Նիկոլ Փաշինյանին և հաղթել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, կամ, որ Արցախյան երկրորդ պատերազմում պարտվել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ստեղծած բանակը:

«Բանակը, որը պարտվել է, Փաշինյանինը չէ, այդ բանակը 20 տարիների ընթացքում ստեղծել են Քոչարյանը և Սարգսյանը։ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն և Զանգելանը, Փաշինյանի բանակը չի ոչնչացրել, նա այդպիսի հրահանգներ չի տվել։ Այդ ամենը արվել է Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմի կողմից։ Այն մարդկանց կողմից, որոնք 20 տարի մասնակցել են մեր նիստերին, որոնք ինձ հետ բանակցություններ էին վարում տարիներ շարունակ»,- նշել է նա։

Իլհամ Ալիևի վերջին շրջանի հայտարարություններից, այնուամենայնիվ, տեսանելի է, որ Ադրբեջանը ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի իշխանության փոփոխություն, հասկանալի պատճառներից ելնելով, չի ցանկանում, ավելին, ՀՀ-ում իշխանափոխություն պահանջող ուժերին ադրբեջանական մամուլում որակում են՝ որպես ռևանշիստներ, որոնք իշխանության գալով՝ պետք է չեղարկեն եռակողմ հայտարարությունը։

Ալիևը չի ցանկանա, որպեսզի Հայաստանում գան ուժեր, որոնք կասկածի տակ կդնեն Ադրբեջանի «հաղթանակները»
«168 Ժամ»-ի հետ զրույցում «Ռեգնում» գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Պուտինի դիտարկումը Ղարաբաղի ադրբեջանական պատկանելիության մասին պատահական չէր։ Ըստ նրա՝ դրանով Պուտինը հստակ ուրվագծեց, որ Հայաստանը կորցնում է ողջ Ղարաբաղը, քանի որ ճանաչումը պատերազմի ընթացքում լիովին այլ իրավիճակ կստեղծեր և կփոխեր հակամարտության ընկալումը, ինչը տեղի չունեցավ։ Տարասովն ասաց նաև, որ իր տպավորությամբ՝ այս թեման պատերազմի ընթացքում քննարկվել է Մոսկվայի և Երևանի միջև, եղել է ՌԴ հավանությունը, սակայն Երևանը դրան չի գնացել։

«Սերժ Սարգսյանը 2016 թվականին զգուշացրել էր, որ, եթե պատերազմը շարունակվի, կճանաչի Արցախի անկախությունը։ Սակայն այս փուլում դա չարվեց, ինչը կփոխեր ՌԴ և մյուս համանախագահների պահվածքը։ Պուտինը նաև ակնարկել էր, որ 2008 թվականին ՌԴ քայլը՝ ճանաչել Աբխազիայի, Հարավային Օսիայի անկախությունը, քննադատվեց, բայց դա էր պահանջում շահը, դրանով Պուտինը հասկացրեց, որ Ռուսաստանը պատրաստ էր Երևանի այդ որոշմանը։ Ներկայումս նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում և Հայաստանի շուրջ, ռուս սահմանապահները, ըստ էության, կկանգնեն բոլոր ուղղություններով, և Երևան-Ստեփանակերտ կապը ևս կտուժի այս ամենի արդյունքում, քանի որ Արցախի անվտանգության երաշխավորն այսօր Ռուսաստանն է»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը։

Նրա խոսքով՝ ուշագրավ են Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս, որոնք բնական են, քանի որ ադրբեջանական կողմը չի ցանկանա, որպեսզի գան ուժեր, որոնք կասկածի տակ կդնեն Ադրբեջանի «հաղթանակները»։

«Չնայած հասկանալի չէ, թե դա ինչպե՞ս է հնարավոր։ Այնուամենայնիվ, Ալիևն ավելի ճիշտ շեշտադրումներ է հնչեցնում, ապագային միտված հայտարարություններ է անում, սակայն մոտ ապագայում դժվար է պատկերացնել, որ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան հաղթահարել տեղի ունեցածը և ապրել հաշտ ու համերաշխ կողք կողքի, իսկ հայ ժողովրդից մեծ իմաստնություն է պահանջվում՝ հաղթահարելու համար այն իրավիճակը, որում հայտնվել են, քանի որ 30 տարի պահել էին տարածքներ, ապրել գլուխը բարձր, արժանապատիվ»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ տարածաշրջանում մեծ խաղ է գնում, որի շրջանակում եռակողմ հայտարարությունը ձեռնտու էր Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին և Հայաստանին, թեև հայ ժողովրդի համար այն միանշանակ ընդունելի չէ:

«Սակայն ՌԴ-ն ի՞նչ է ասում։ ՌԴ-ն չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբից, պարզապես նշում է, որ այսօր կարգավիճակի հարցի լուծում չպետք է նախատեսվի, այն պետք է քննարկվի ամենաքիչը 5 տարի հետո։ Մինչ այդ, կարծում եմ, նախադրյալներ կստեղծվեն Արցախի անկախության համար, քանի որ միասին ապրել, կամ ապրել Ադրբեջանի կազմում՝ Ղարաբաղի հայերը չեն համաձայնի և չեն ցանկանա։ ՌԴ-ն մասնակցում է սահմանների դեմարկացիայի աշխատանքներին, ներկայումս ամենակարևորը դա է, իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը բարդ է, և դա ՀՀ-ի ներսում Հայաստանի շուրջ իրավիճակը ճիշտ չգնահատելու հետևանք է։ Ես այսօր էլ Հայաստանից շատ հրապարակումներ եմ կարդում ու զարմանում, թե ինչպես են մեկնաբանում իրավիճակը և չեն հասկանում, թե ինչ է կատարվում, և ով է Հայաստանի իրական բարեկամը»,- ասաց Տարասովը։

«ՌԴ նախագահը քննարկման առարկա է դարձնում հետևյալ հարցը՝ ինչո՞ւ ՀՀ-ն չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը»

Մեզ հետ զրույցում ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ, ինչպես և ակնկալվում էր, պատերազմին հաջորդող ժամանակաշրջանը ոչ պակաս բարդ ու մարտահրավերային է։

«ՌԴ նախագահը որևէ արտառոց հայտարարություն չի արել։ Նա պարզապես քննարկման առարկա է դարձնում հետևյալ հարցը՝ ինչո՞ւ ՀՀ-ն չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, սա իսկապես հարց է, որը բարդ է մեկնաբանելը և պարզաբանելը։ Այդ քայլը ՀՀ-ի տիրույթում էր և ակնկալվում էր, որ ճանաչում պետք է լինի»,- ասաց Լուկիանովը։

Վերլուծաբանի խոսքով՝ շարունակվում է տարածաշրջանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի վերադիրքավորման քաղաքականությունը, որի շրջանում բարդ, որոշ տեղերում՝ հաջողված խաղ է ընթանում Էրդողանի և Պուտինի միջև։ Այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտնվել է ավելորդի կարգավիճակում, հայտարարությունը դեռ իրագործման փուլում է, և ՌԴ դիրքորոշումը միանշանակ էր նաև նոր սրացումների վերաբերյալ՝ չպետք է լինի նոր էսկալացիա, և կողմերը պետք է կանգնեն իրենց տեղերում, որքան էլ բարդ հատվածներ ու չպարզաբանված հարցեր կան կողմերի միջև։ Իսկ Ադրբեջանի նախագահն իրավիճակային հայտարարություններ է անում, չեմ կարծում, թե դրական տոնը ՀՀ իշխանության նկատմամբ երկխոսության հայտ է, քանի որ հարաբերությունները բարդ են, և ժամանակ առ ժամանակ արվում են հայտարարություններ հատուկ լսարանի համար, իսկ վերջին հայտարարությունն ԱՊՀ ղեկավարների լսարանի համար էր»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Սյունիքում տիրող իրավիճակին՝ Լուկիանովն ասաց, որ հարցերը բարդ են, այդ շրջանակում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա է այս օրերին Երևանում և Բաքվում։ «ՌԴ-ն փորձում է ընդունելի լուծումներ գտնել, իմ տպավորությամբ, այլ բան ասել չեմ կարող»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս