Զինվորի համար այսօր անվտանգություն ապահովված չէ, ինչպե՞ս կարող են տանել զինվորին. արձակուրդ եկած վիրավոր զինծառայողի ծնող

Արձակուրդ եկած ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կենտրոնական հավաքակայանի մոտ: Նրանք նշում են, որ չեն ցանկանում՝ իրենց երեխաներին կրկին Արցախ տանեն։

«Մեր երեխաները չեն հրաժարվում ծառայելուց, մեր պահանջն է միայն, որ մեր երեխաները ծառայեն ՀՀ-ում և առողջ վիճակում: Որքան պատմությունից գիտեք, հունական լեգիոնները զինվորներին տանում էին ամենաառողջներին, հիմա մեր երեխաների մեծ մասը հաշմանդամ են, վախեցած, անհրաժեշտություն կա հոգեբանի, հոգեբույժի, ճիշտ բուժումների. դրա համար մենք խնդրում ենք՝ մեր երեխաները ծառայեն Հայաստանում, առողջ վիճակում»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ պահանջը ներկայացրեց զինծառայողներից մեկի հարազատը:

Հավաքվածները նշեցին, որ իրենց զավակները վախեցած են, կակազում են, գիշերները չեն քնում, մինչդեռ մեզ անհրաժեշտ է առողջ բանակ:

«Իմ տղան վիրավոր պառկած էր, գալիս էին պապավերին էին սրսկում,  էդ է՞  զինվորի բուժումը, զինվորը գնացել է, կռվել, որ անալգին–դիմեդրոլով հատուցե՞ն:  Անալգին-դիմեդրոլն ի՞նչ է՝ ուղղակի ցավազրկող է»,- ասաց զինծառայողներից մեկի հայրը։

Լրագրողի դիտարկմանը, թե զորամասերում չկա՞ն հոգեբաններ, նա արձագանքեց. «Ի՞նչ հոգեբան, 12 օր պառկել է, ի՞նչ հոգեբան է եկել-նայել»:

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ երեխային տարել են Մուրացանի հոսպիտալ բուժզննման, պատմել, որ թնդանոթ է կրակել, ու անհրաժեշտություն կա ստուգումների. «Ասում եմ՝ պետք է լսեք էդ երեխուն, ողնաշարը նայում է՝ ասում է՝ դու գլխի հետ խնդիր չունես»:

«Մենք չենք ասում՝ չենք տալիս զինվորին, համաձայն չենք զինվորը գնա և ծառայի, բայց զինվորի համար պայմաններ այսօր ապահովվա՞ծ են: Զինվորի համար այսօր անվտանգություն ապահովված չէ, ինչպե՞ս կարող են տանել զինվորին փայտով. բացատրեք՝ մենք հասկանանք, ուղղակի:

Մեր անվտանգությունն ապահովեք, խնդրեմ, զինվորը պատրաստ է. իմ զինվորը կոնկրետ եկել է Ռուսաստանի Դաշնությունից: Մենք ՌԴ քաղաքացի ենք, մենք չենք հրաժարվել, եկել ենք, սիրով անցել ծառայության, հիմա էլ պատրաստ ենք յուրաքանչյուր կռվի ժամանակ գնալու»,- լրագրողների հետ զրույցում նշեց զինծառայողներից մեկի մայրը, ում որդին արդեն 10 ամիս ծառայության մեջ է:

«Ինքը հրետանավոր է եղել:  Ծառայել է Ասկերանում, այնուհետև՝ Հադրութում, Մարտունի 3-ում  հայտնվել է շրջափակման մեջ օրեր շարունակ, հետո ազատվել է այնտեղից, մի կերպ փրկվել և ազատվել է, որոշակի թեթև վիրավորանքով: Երեխան չի լքել իր ծառայությունը: Այնուհետև Աղդամում ստացել է վիրավորում (նույն ոտքից երկու վիրավորում է ստացել), քանի որ այնտեղ արնահոսել է, իջեցրել են Մարտունի:

Մարտունու հիվանդանոցում պառկել է, ստացել է համապատասխան բուժօգնություն, էնտեղից եկել է մայրական խնամքի՝ 10 օր, գրել են այնտեղ, որ հետո պետք է ներկայանա Վարդենիսի հոսպիտալ:

Ես Վարդենիսի հոսպիտալում ասեցի՝ ինչպե՞ս պետք է գնա, այսինքն՝ տանում էին Ղարաբաղ, ասեցի՝ ինչպե՞ս եք պատկերացնում երեխային այդ ոտքով, որ գնա Ղարաբաղ․․․»,- պատմեց զինծառայողի մայրը:

Տեսանյութեր

Լրահոս