Սթափվե՛ք, ուշքի եկեք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Խառնաշփոթ է ոչ միայն մեր երկրում, այլեւ մեր մտքերում ու հոգիներում։ Բայց ամենակարեւորը՝ մեծ թվով հարցեր են ծագում, որոնց պատասխան տվող չկա։ Պե՞տք է լինի մեկը, ով հասկանալի լեզվով բացատրի, թե, վերջապես, որ տարածքներն են «թղթով» հանձնվել Ադրբեջանին, եւ որոնք են «զոռով» վերցնում մեզնից։ Կա՞ որեւէ հստակ պայմանավորվածություն այս հարցում, թե՞ հարեւանի հետ մի մետրի համար տասնյակ տարիներ դատարաններում կյանքը մաշող հայերը որոշել են հարյուրավոր կիլոմետրեր հանձնել հենց այնպես՝ առանց թուղթ ու թամասի։

Կարո՞ղ է մեկը հասկանալի լեզվով բացատրել, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը, եւ արդյոք Խորհրդային Հայաստանն ունե՞ր հաստատված սահմաններ։

Հնարավոր չէ՞ գոնե դրանք այսօր վեր հանել ու չխճճվել GPS-ների ու թյուրըմբռնումների լաբիրինթոսում։ Վերջը՝ մեր երկրում չկա՞ քարտեզագիր, կադաստրի մասնագետ, ԱԳՆ ու սահմանապահ ծառայություն, մի՞թե պրոֆեսիոնալներն իսպառ վերացել են։

Կարո՞ղ է ինչ-որ մեկը բացատրել, թե ինչպես է ստացվել, որ անգամ միջպետական ճանապարհի ինչ-որ հատվածներ անցնում են թշնամի երկրի տարածքով, եւ ինչպես է լուծվելու Իրան-Հայաստան բեռնափոխադրումների եւ առհասարակ՝ տրանսպորտային կոմունիկացիաների հարցը։ Հասկացանք, որ բարձր իշխանությունը բարոյալքված, կամազուրկ եւ հիստերիկ վիճակում է, չի տիրապետում իրավիճակը, չգիտի ինչպես կարգավորի այս խնդիրները։ Մի՞թե միջին օղակների մասնագետներն ու պաշտոնյաներն էլ են վերացել, բոլոր կառույցները՝ ոչնչացել։

Մի պահ պատկերացրեք, որ պետություն չունենք, եւ ամեն մի համայնք ու անհատ պետք է ինքնակազմակերպվի ու փրկի իրեն, իր զավակներին, իր տունը, իր հողը։ Բոլորը պետք է իրենց մեջ ուժ գտնեն, սթափվեն ու գործի անցնեն, անկախ նրանից՝ կա՞ վարչապետ երկրում, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս