Իրական պատերազմի վտանգ կա, իսկ այս իշխանության հետ պատրաստ չենք դիմակայելու նույնիսկ շատ փոքր դիվերսիոն հարձակումներին. Փորձագետ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրական պատերազմի վտանգ կա, քանի որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Թուրքիան զորք է կուտակում Նախիջևանի և Ֆիզուլիի հատվածում։

«Սա բացահայտ խոսք է նրա մասին, որ տարածաշրջանում, կոնկրետ մեր երկրում սպասվում են կրկին ռազմական բախումներ կամ ռազմական նոր իրավիճակներ։ Եթե մենք գնանք այս ճանապարհով, ապա դա մեզ տանելու է պարզապես կործանման։ Մենք այսօր, այս իշխանության հետ պատրաստ չենք դիմակայելու նույնիսկ շատ փոքր դիվերսիոն հարձակումներին, և դրա ապացույցն արդեն կա թե՛ ՀՀ սահմանների, թե՛ Արցախում ընդհանուր առմամբ տեղի ունեցող գործողությունների համատեքստում։ Եթե ուսումնասիրենք վերջին շրջանի գործողությունները, ապա կտեսնենք, որ թշնամին ուզում է՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ ՀՀ սահմանում վերադասավորել իր ուժերը, իսկ հայկական այն խմբերը, որոնք փորձում են դիմակայել, անպայման գերեվարվում են թշնամու կողմից»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Նա  ընդգծեց՝ ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ և չի տիրապետում ստեղծված դրությանը, իրավասու ու իրավազոր չէ իրականացնելու այնպիսի քայլեր, որոնք ավարտին կհասցնեն ստեղծված իրավիճակը։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթով այսօր ոչինչ տեղի չի ունենում։

«Այդ փաստաթղթում նշված չէր, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա GPS-ով, նշված էր, որ զորքերը պետք է կանգ  առնեն այն հատվածներում, որտեղ եղել են մինչև նոյեմբերի 9-ը, բայց այսօր տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Սյունիքում։ Այսինքն՝ փաստաթուղթը միայն նրա համար էր, որ առանց կրակոցի, անառիկ համարվող տարածքները, այդ թվում՝ Քարվաճառը, հանձնվեն թշնամուն։ Հիմա մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչ է ուզում թշնամին՝ նրա ուզածը Սյունիքն է, որովհետև այլևս իրականության մոտ է պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, և այդ գաղափարի իրականացման ամենալավ ժամանակաշրջանն է հիմա։  Ցավոք, պետք է ասեմ, որ իշխանությունը հասավ նրան, որ մենք գրեթե չունենք զինված ուժեր, և Հայաստանը որպես սուվերեն պետություն՝ այլևս գոյություն չունի, նրա փոխարեն որոշումներ են կայացնում այլ երկրներ, և այդ որոշումները բխում են իրենց շահերից։ Թուրքիայի համար շատ պատեհ պահ է, որպեսզի իրականություն դարձնի իր դարավոր երազանքը»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։

Նա նաև նկատեց՝ Թուրքիայի ուզածը միայն Սյունիքը չէ, եթե հետևեն Ալիևի հայտարարություններին, ապա նրանք նաև Երևանն ու Սևանն էլ են ուզում։

Այդուհանդերձ փորձագետը կարծում է, որ Սյունիքով թշնամին կբավարարվի, քանի որ դրանով Հայաստանը կիսում են՝ հարավային մասը՝ Թուրքիային, իսկ հյուսիսային մասը՝ Ռուսաստանին։

«Այսօր ես չեմ տեսնում ՀՀ-ում որևէ կառույց, որը գործում է, կազմաքանդված են բոլոր կառույցները։ Եթե ՀՀ-ում գործում է մեկ ինստիտուտ, ապա դա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է, որը գործում ու անում է ամեն հնարավորը, որպեսզի միջազգային իրավունքների, սահմանային ու գերիների հարցերը բարձրաձայնի, գոնե այդպես խնդիրները հասցնի միջազգային կառույցներին։ Մնացած հատվածներում պետական կառույցները պարալիզացված են, չգիտեմ՝ միտումնավո՞ր չեն գործում, թե՞ այլ պատճառով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պատերազմում Հայաստանի կրած պարտության պատճառներին, Կարեն Հովհաննիսյանը նշեց՝ առաջին հերթին պատճառն իշխանությունների անգրագիտությունն էր, նրանք թույլ չտվեցին՝ գրագետ ու բանիմաց մարդիկ վարեն պատերազմը, և երկրորդ պատճառն անկազմակերպվածությունն էր։

«Այդ անկազմակերպվածության մեջ միտում եմ տեսնում, որովհետև հնարավոր չէր, օրինակ, ՄՈԲ ուժերն այդքան անկազմակերպ լինեին, և առհասարակ բացառիկ տաղանդ էր հարկավոր, որպեսզի այդքան անկազմակերպվածություն ցուցաբերեր։ Այս ամենը ես այլ հարթության մեջ եմ դիտարկում, որ սա պայմանավորված էր, նախատեսված էր և այսպես պետք է լիներ»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս