«29 զինվորից 6-ը չկան. բա դու զինվոր ես տեղափոխում՝ չե՞ս կարողանում գնաս-տեսնես՝ ինչ եղան, լավ, գնա տես, ասա՝ չկան». Փաստաբան
«Գալիկյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար Գարիկ Գալիկյանն այսօր մի խումբ իրավապաշտպանների հետ զինդատախազության մոտ պահանջում էր հանդիպում զինվորական դատախազի հետ։
Ըստ նրա, զինդատախազին բազմաթիվ հարցեր ունի և ակնկալում է լսել դրանց պատասխանները։
«Կոնկրետ ես մեր ակցիայի շրջանակներում ունեմ կոնկրետ հաղորդում՝ ներկայացրած Գլխավոր դատախազին։ Հաղորդում՝ 2020 թվականի հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքի վերաբերյալ է, որը տեղի է ունեցել Մարտունու շրջանում։ Հակառակորդի ԱԹՍ-ն ռմբակոծել է մեր զինվորներին տեղափոխող մեքենան, որի մեջ եղել են մոտ 29 հոգի։ 23 հոգուն գտել են, որից մի քանիսը մահացած են եղել, մնացածը՝ վիրավոր, մեկ առ մեկ բոլորի հետ զրուցել եմ՝ մնացած վեց զինվորի մասին տեղեկություն չկա։ Ըստ իմ ունեցած տեղեկատվության, այդ տարածքը 5 օր եղել է Հայաստանի վերահսկողության տակ։ Այսինքն՝ մեր տարածքն է եղել, լավ, այդ 5 օրերի ընթացքում արդյոք մեկը չփորձե՞ց գնա, տեսնի՝ մեքենաների մեջ դիակ մնացե՞լ է, թե՞ չէ։ Կարող եմ դաժան օրինակ բերել, չհամեմատեմ, բայց դաժան օրինակ բերեմ, երբ մարդն իր տանը կենդանի է պահում, ներողություն եմ խնդրում բոլորից, և այդ կենդանին կորում է, գնում, ման են գալիս։ Բա դու զինվոր ես տեղափոխում, 6 զինվոր չկա՝ չե՞ս կարողանում գնաս–տեսնես՝ ինչ եղան, լավ, գնա, տես, ասա՝ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալիկյանը։
Նա ընդգծեց, որ սուբյեկտիվորեն կարող է մտածել, որ այս ամենը եղել է և՛ անգործության, և՛ միտումնավոր գործելու հետևանք։
Նրա խոսքով՝ անգործություն միանշանակ եղել է։
«50 օր հետո այդ իրադարձության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա, ստիպված հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն դեռ պատասխան չունենք։ Ի դեպ, ասեմ, որ վեց անձանց 3-ի կողմից ենք հաղորդումը ներկայացրել»,- շեշտեց նա։
Իրավապաշտպաններից մեկն էլ նկատեց՝ այսպես թե այնպես, բոլորն էլ արդեն թաթախվել են քաղաքականության մեջ, որի մեղավորն իրենք չեն, այլ երկրի կառավարող իշխանությունը։