«Երեքշաբթի օրը հայտարարվում է համազգային գործադուլ և դասադուլ». Իշխան Սաղաթելյան
«Անցնող 34 օրերի ընթացքում մեր հանրահավաքների ժամանակ փորձել ենք մեր անհետ կորածներին և զոհերին քիչ անդրադառնալ, որպեսզի ոմանք սա չմեկնաբանեն՝ իբրև քաղաքական շահարկում»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Այս թեմաներին նվազ ենք անդրադարձել, որպեսզի տպավորություն չլինի, որ այդ նյութը օգտագործում ենք մեր հավաքը մեծացնելու և ժողովրդի զգացմունքի հետ խաղալու համար, սակայն անցնող 34 օրերի ընթացքում իշխանությունն իր խամաճիկներով անընդհատ փորձում է երկրում մթնոլորտ ստեղծել, որ մենք ունենք զոհեր, գերիներ, բայց ընդդիմադիրները ցույց են անում»,- ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ իրենք, որպես ընդդիմություն, որևէ իրավասություն և հնարավորություն չունեն զբաղվելու գերիների և անհետ կորածների հարցերով, և դրանով պետք է զբաղվեն իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ.
«Դրանով պետք է զբաղվեն ՀՀ կառավարությունը, վարչապետը և Արտաքին գործերի նախարարությունը, բայց քանի որ իրենք անմեղսունակ են, անկարող են, 34 օրերի ընթացքում այդ հարցը չեն կարողացել լուծել և անընդհատ սլաքներն ուղղել են այլ ուղղությամբ: Մեր պայքարը նաև միտված է եղել հենց այդ հարցի լուծմանը, մենք բազմաթիվ անգամ ասել ենք, եթե Նիկոլին հեռացնեինք 6 ամիս առաջ՝ պատերազմ չէ՛ր լինի, եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին՝ պատերազմն ավարտվելու էր մեր հաղթանակով, եթե Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագրի օրը, մենք այս 34 օրերի ընթացքում չէինք ունենա այս կորուստները… Այս մարդու մեկ օր ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար, Նիկոլը պետք է հեռանա, և վե՛րջ»:
Ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը գործադուլի և դասադուլի կոչ հնչեցրեց.
«Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ից բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այդ խրտվիլակը րոպե առաջ հեռանա»:
Մանրամասները՝ տեսանյութում