«Հայկ Մարությանը եղել է հայ հասարակության առաջին պառակտողը». ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ

Այսօր ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամները նամակ էին բերել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Պահանջում էին, որ վերջինը հայտնի իր կարծիքը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի վերաբերյալ:

«Այդ մարդն արդեն մոտ 10 ամիս կլինի՝ ընդհատակում է գտնվում կորոնավիրուսային հիվանդության, արձակուրդի և այլ պատճառներով, քաղաքը մատնվել է անտերության»,- ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը:

Կարապետյանն ընթերցեց Հայկ Մարությանին ուղղված նամակը, որի մեջ նշված էր, որ նա ձախողել է քաղաքի կառավարումը, սակայն իրենց ավելի շատ մտահոգում է վերջին երեք ամիսներին Երևանի քաղաքապետի անտարբերությունն ու բացակայությունը:

«Երևանի քաղաքապետարանը սրտացավ  ներկայություն չի ունեցել ռազմաճակատում իրենց ամուսիններին, հայրերին, զավակներին կորցրած Երևանի ընտանիքների առօրյայում: Լավագույն դեպքում բավարարվել եք ձևական քայլերով: Մարտական ջոկատ կազմելու և սահման մեկնելու ՀՀ վարչապետի հանձնարարականին անհրաժեշտ արագությամբ չեք արձագանքել, ու այնքան եք դանդաղել, որ սահման եք հասել տխրահռչակ հայտարարության նախօրեին միայն: Երևանի քաղաքապետարանի կազմած մարտական ջոկատների համար գումար եք հավաքագրել քաղաքապետարանի  ենթակայության հիմնարկների աշխատողներից՝ որպես նվիրատվություն, իբր թե այդ նպատակով հիմնադրված ՀԿ-ի անհրաժեշտ ծախսերի համար, սակայն մինչ օրս չկա հաշվետվություն հանրությանը, թե այդ գումարները որտե՞ղ են ծախսվել, հատկապես նկատի ունենալով, որ ձեր կազմած ջոկատները չեն մասնակցել ոչ մի մարտական գործողության և սահմանին են մոտեցել ռազմական գործողությունների ավարտի նախօրեին»,- գրված էր նամակում:

Շարունակելով բացթողումների շարքը՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանն ասաց, որ Մարությանին երկու առաջարկ ունեն.

«Առաջին՝ միացեք ժողովրդի լայն զանգվածի պահանջին և պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլապես հավասար կրելու եք հայրենադավության խարանը: Երկրորդ՝ տվեք Ձեր հրաժարականը քաղաքապետի պաշտոնից, թող այդ պաշտոնը ստանձնի այլ անձնավորություն, որը բավարար գիտելիքներ և հանձնառություն, պարտականություն ունի մեր մայրաքաղաքի հարցերով զբաղվելու: Դուք կարող եք վերադառնալ ձեր նախկին ասպարեզին»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն այս նամակը քաղաքապետին հանձնելուց, Կարապետյանը պատասխանեց.

«Մենք կարծում ենք, որ ՀՀ բնակչության 1/3-ի քաղաքապետը պարտավոր է արձագանքել, դուրս գալ իր թաքստոցից, 3 ամսվա մեջ նա պարզապես ոչ մի ծպտուն չի հանել, մենք պետք է իմանանք նրա տեսակետը: Սահուն կերպով «առանց Նիկոլ Հայաստանը» կարող է վերածվել նաև «առանց Հայկ Երևան»-ի:

Ցուցարարները ցանկանում էին նամակը հանձնել և հեռանալ, սակայն նրանց ասացին, որ Քաղաքապետարանում ընդմիջման ժամ է, և միայն դրա ավարտից հետո կարող են հանձնել նամակը:

«Սպասենք ընդմիջումը պրծնի, որ նոր իրենք պատասխանեն երկրի կործանման հետ կապված հարցերին»,- ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչը:

Մի քանի րոպե անց ցուցարարներին մոտեցավ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և վերցրեց նամակը, շնորհակալություն հայտնեց և առանց  հարցերին պատասխանելու՝ հեռացավ: ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ հույս չունեն, թե իրենց նամակն արձագանք կստանա:

«Հայ հասարակության առաջին պառակտողը եղել է Հայկ Մարությանը, հիշում եք նրա սևեր, սպիտակներ թեզը: Հայկ Մարությանն այս պառակտման համար մեկ պատասխանատուն է, ազգը պառակտելու և դեպի պարտություն տանելու համար: Անկախ նրա պատասխանից, ինձ համար Հայկ Մարությանը դավաճան է, որը պառակտել է ազգը, որի սև ու սպիտակ արտահայտության շնորհիվ ազգը բաժանվեց երկու մասի»,- ասաց Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս