«Ընդդիմության պահանջը մեկ անգամ է բավարարվել». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ընդդիմության կողմից Արցախի ճանաչման հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ հարցը պարունակում է պետական որոշակի գաղտնիք։

«Կարող եմ ասել, որ նման գործընթաց սկսել ենք, բայց այդ գործընթացն այս պահին նպատակահարմար չէ իրականացնել։ Մենք շուրջ մեկ ամիս այդ գործընթացով զբաղվել ենք, բայց այս պահին նպատակահարմար չէ այն իրականացնել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ, թեև կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց տեսնում է, որ առնվազն 6 ամսից ՀՀ-ում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե ինչպե՞ս, ո՞վ կկազմակերպի՝ չգիտի։

«Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընդդիմության պահանջը մեկ անգամ է բավարարվել, երբ Նիկոլ Փաշինյանը պահանջել է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ընդդիմության պահանջի բավարարման նման ցցուն դեպք ես չունեմ։ Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջն ընդդիմության պահանջը չէր»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս