«Նիկոլ Փաշինյանը ֆեյքահայաստանի վարչապետն է, ֆեյքերն էլ թող իր աջակցության ցույցն անեն». Հայկ Մամիջանյան
Կառավարության առջև տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական կրեատիվ ցույցը: Մասնակիցները կառավարության շենքի մոտ շարքով դասավորել էին Ֆեյսբուքում և սոցիալական այլ հարթակներում վարչապետի ֆեյք աջակիցների նկարներով պաստառները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի «աջակիցների ակցիա»:
«ՀՀ վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ազատ, անկախ, հզոր Հայաստան չի ուզում: Ինքը ֆեյքահայաստանի իշխանավորն է, ինքը ֆեյք վարչապետ է, քանի որ իր ջատագովներն ու սատարողները հիմնականում համացանցային ֆեյքեր են, որոշել ենք իր փոխարեն, քանի որ ինքն անդադար ասում է, որ հուժկու հանրահավաք կանի, կկազմակերպի իր աջակիցների հանրահավաք, մենք որոշել ենք իր փոխարեն իր աջակիցների հանրահավաքը կազմակերպել: Այստեղ իր բոլոր աջակիցներն են՝ «Մերսում Դինուլը», «Նվերների աշխարհը», «Խպարտ խայուխին», «Կյանքի աշխարհը», «Դուխով Խայաստանը» և այլք: Այդ մարդը ֆեյքահայաստանի վարչապետն է, ֆեյքահայաստանի ֆեյքերն էլ թող իր աջակցության ցույցն անեն: Սա երևի ամենաանկեղծ ցույցն է, որ եղել է վարչապետի աջակիցների: Հաշվի առնելով, որ իրեն աջակցում են ֆեյքերը, թող ֆեյքերն էլ իր համար ցույց անեն»,- ասաց Մամիջանյանը և ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանը և իրեն շրջապատող մեծահարուստները ֆեյքերի «զորքերին» են ֆինանսավորում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգում կա իր հրաժարականի հարցը, չնայած որ նա դա ժխտում է:
«Եթե անգամ չկա, ապա դա նաև նման ֆեյքերի կողմից գեներացված կեղծ Հայաստանի պատրանքում ապրելու պատճառով չկա: Ինքը չի տիրապետում իրավիճակին, իրեն թվում է, որ իրեն սրտիկ դնողները իրական մարդիկ են»,- ասաց Մամիջանյանը:
Նա նաև վստահություն հայտնեց, որ իրենց կհաջողվի «համոզել» Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, քանի որ բոլորն են պահանջում դա:
«Կա 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, կա որոշակի քննարկում, թե ե՞րբ ու ո՞վ պետք է փոխարինի նրան»:
Լրագրողների հարցին, թե այդ դեպքում օրեր առաջ Ապարանում կազմակերպված հավաքը՝ ի աջակցություն Փաշինյանի, ակցիա չէ՞ր, Մամիջանյանը պատասխանեց, որ լավ գիտի, թե նրանք ում բարեկամներն էին և ով էր կազմակերպիչն ակցիայի:
«Հայկ Սարգսյանին ողջույններ՝ 5000 դրամանոց ցուցարարների հրավիրելու համար»,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը: