Բաժիններ՝

«Կզինվենք, կգնանք մեր երեխեքին կհանենք». անհետ կորածների հարազատները դժգոհ են ԳՇ ներկայացուցչի հետ հանդիպումից

Էջմիածնի N զորամասի դիմաց վաղ առավոտից հավաքված  անհետ կորած 34 զինծառայողների հարազատների հետ հանդիպելու եկավ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանը: Հանդիպումը փակ էր, քանի որ գնդապետ Ասատրյանի պատճառաբանմամբ՝ կան մանրամասներ, որոնք ենթակա չեն հրապարակման:

«Այն, ինչ որ ես պետք է ասեմ, այն, ինչը մենք երեկ արել ենք, այսօր և վաղն ենք անելու, չի կարելի, դա չի կարելի բաց աղբյուրներով դուրս տալ, ծնողներն էլ կհասկանան, որ որոշակի բաներ կան, որ չի կարելի բաց աղբյուրներով դուրս տալ, որոշակի ժամանակահատված, մինչև անենք այն, ինչ բոլորիս նպատակն է»,- ասաց Ասատրյանը:

168.am-ը ԳՇ ներկայացուցչից հետաքրքրվեց, թե արդյոք նշված հատվածում որոնողական աշխատանքներ սկսվե՞լ են, թե՞ ոչ, ինչին Սամվել Ասատրյանը պատասխանեց.

«Այս պահի դրությամբ ես առաջնահերթ պետք է խոսեմ ծնողների հետ, հետո ձեզ հետ առանձին կխոսեմ, կամ ծնողները, եթե նպատակահարմար կգտնեն՝ ձեզ հետ կխոսեն, որոշակի բաներ կան, որ ես կասեմ, և իրենք կարող են ասել, որոշակի բաներ կան՝ ցանկալի չէ, որ ինֆորմացիայի արտահոսք լինի, քանի դեռ աշխատանքները կատարվում են»:

1 ժամ տևած փակ քննարկումից դուրս գալուց հետո գնդապետ Ասատրյանը, որևէ մանրամասն լրագրողներին չփոխանցեց.

«Ինչ որ պետք էր, ես ծնողներին փոխանցեցի, ինֆորմացիան փակ է»:

Փոխարենը՝ անհետ կորած զինծառայողների հարազատները որոշակի մանրամասներ հայտնեցին փակ հանդիպումից, նշելով, որ ոչ մի նոր բան իրենց չի ասվել.

«Էլի պիտի սպասենք, ոչ մի բան չի եղել, պարզապես 2 օր փորձեցին լռեցնել, ինչ-որ մի բան ասելու համար, ու այսօր ասացին՝ ընթացքի մեջ է դեռ: Ես, 50 օր է, հարց եմ բարձրացնում, ասեք՝ ե՞րբ, իրենք չեն կարողանում ասել, թե երբ: Անընդհատ ստում են, իրենց ձեռք չի տալիս, որ մենք մեր երեխեքից լուր ունենանք: Այս հանդիպումը ոչ մի արդյունք չտրվեց, հիմա վերջին մարդը, որին կարող ենք հանդիպել, Օնիկ Գասպարյանն է, եթե ինքն էլ ասաց՝ այս 2 օրը՝ կփակվեն բոլոր միջպետական ճանապարհները, ոչ մեկը ոչ մի գործողություն չի անի, մինչև մեր երեխաներին չգտնեն: Մենք էլ պատրաստ չենք սպասելու, մեր պետությունը փաստացի սիրում է՝ ծեծեն, ջարդեն, փշրեն, վառեն, նոր ձայներս ինչ-որ մի տեղ հասնի…»:

Հարցին՝ նախարարությունից ինչպե՞ս են բացատրում, որ այդ նշված հատվածում չեն կարողանում սկսել որոնողական աշխատանքները, անհետ կորած զինծառայողի մայրը պատասխանեց, որ դրա պատասխանը ևս չունեն.

«Եթե իրենք ռեսուրսներ ունենան՝ ուրեմն կանեն այդ աշխատանքները, իրենք չունեն: Այդ մարդն այսօր ուղղակի եկավ ասեց, որ պետք է սպասենք, թե ինչի՞ն, ո՞ւմ, պատասխան չկա»:

Զինծառայողի մայրը նաև փոխանցեց, որ ԳՇ-ից ժամանած գնդապետն իրենց ասել է, որ գուցե կարողանան հանդիպում կազմակերպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ.

«Ասաց՝ կզանգեմ, մի 5 ծնողներով հանդիպում կունենաք, մնացել է միայն Օնիկ Գասպարյանը, որին կարող ենք հանդիպել»:

Հարցին՝ եթե Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումն էլ իրենց չգոհացնի, ապա ի՞նչ են պատրաստվում անել, հավաքված ծնողները պատասխանեցին.

«Կզինվենք, մենք կգնանք մեր երեխեքին կհանենք, էլ ուրիշ ճար չունենք: Կգնանք՝ մենք էլ կզոհվենք…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս