«Չեմ զարմանա, եթե իմանանք, որ ԼՂ-ում պարտվելը եղել է դիտավորյալ, և Փաշինյանն ու իր թիմը պարզապես վաճառել են այս տարածքը որոշակի գումարով». Սեմյոն Բաղդասարով

Ռուսաստանում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Свободная Пресса-ի հետ զրույցում մեկնաբանել է դեկտեմբերի 10-ին Բաքվում սպասվող ռազմական շքերթը, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը վերջին արցախյան պատերազմի ժամանակ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին:

Բացի այդ Բաղդասարովը մեկնաբանել է Արցախում և Հայաստանում ստեղծված ընդհանուր իրավիճակը:

«Ղարաբաղում կրած պարտության մեղքը հիմնականում ընկած է Հայաստանի ղեկավարության վրա: Չեմ զարմանա, եթե իմանանք, որ դա արվել է դիտավորյալ, և Փաշինյանն ու իր թիմը պարզապես վաճառել են այս տարածքը որոշակի գումարով: Նրանք չեն արել այն, ինչ պետք է անեին մարտերի ընթացքում: Ուստի, Ռուսաստանի համար անիմաստ էր միանշանակ աջակցություն ցուցաբերելը: Առանց այն էլ որոշակի ռազմատեխնիկական օգնություն տրամադրվում էր»,-ասել է Բաղդասարովը:

Նա ընդգծել է, որ հակամարտության գոտի ռուսական խաղաղապահ ուժերի ներդրումը ճիշտ քայլ է: Այլ բան է, որ առանց որոշակիորեն վիճարկելու Ադրբեջանի գործողությունները, որը ցանկանում էր վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, Մոսկվան պետք է խստորեն պահանջեր իր տարածքից դուրս բերել թուրքական ուժերը և թուրքամետ ահաբեկչական խմբավորումները:

«Շատ հաճախ մենք համաձայնում ենք մարտավարական վնաս կրել ՝ փոքր ռազմավարական շահի ակնկալիքով»,-նկատել է Բաղդասարովը:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահի մասնակցությունը Բաքվում կայանալիք ռազմական շքերթին, քաղաքագետը նշել է.

«Պետք է հասկանալ, որ Էրդողանը գնում է Բաքու՝ որպես իր գաղութ: Նա Ադրբեջանը վերջնականապես կցել է իրեն: Ալիևը իր ինքնիշխանությամբ է վճարել Ղարաբաղի համար (կարծում եմ ՝ ժամանակավորապես)»,-ավելացրել է Բաղդասարովը:

Տեսանյութեր

Լրահոս