Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ քննարկել է հետպատերազմյան շրջանի ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեկտեմբերի 9-ին հեռավար ձևաչափով զրուցեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում իրականացվող ծրագրերին, մասնավորապես կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության ուղիները, Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցող սոցիալական պաշտպանության ծրագրերը, դրանց իրականացման մեխանիզմներն ու արդյունքները:
Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է առկա մարտահրավերները, նախարարության կողմից դրանց լուծմանն ուղղված քայլերը: Նախարարը կարևորեց բացի տրվող ֆինանսական աջակցություններից արդյունավետ միջավայրի և գործիքների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք արցախցիներին հնարավորություն կտան ունենալ կայուն եկամտի աղբյուր: Նա հույս է հայտնել, որ Արցախում առաջիկայում կվերականգնվի տնտեսական և սոցիալական կայունությունը և վստահեցրել է՝ Արցախի վերաբնակեցումը կապված է ժամանակի ճիշտ և արդյունավետ կառավարման հետ:
Աննա Կարին-Օստն էլ իր հերթին ներկայացրել է համաճարակի ընթացքում և հետպատերազմական օրերին իրենց կողմից կատարված և ընթացիկ փոխլրացնող նախաձեռնությունները, որոնց շրջանակներում հազարավոր մարդիկ ստացել են պարենային և ոչ պարենային աջակցություն:
Կողմերը հույս են հայտնել, որ նախատեսվող երկարաժամկետ ծրագրերը հնարավորություն կտան ոչ միայն թեթևացնել արցախցիների դժվարությունները Հայաստանում, այլև կստեղծեն նախադրյալներ վերջիններիս՝ Արցախ վերադարձալու համար:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ տրամադրվող աջակցությունների հասցեականությունն ու նպատակայնությունը բարձրացնելու համար: