«Եկեք թեկնածու փնտրենք նրանց մեջ, ովքեր 91-2020թթ․ չեն եղել իշխանության բուրգում» Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Ես Վազգեն Մանուկյանի անձի հետ որևիցե խնդիր չունեմ և 1996թ. եղել եմ նրա կողմնակիցը: Բայց իմ անձնական և անանձնական վիշտը այնքան մեծ է, որ ես չեմ ցանկանում տեսնել 1990-2020թթ. որևէ պաշտոն զբաղեցրած որևիցե մի անձնավորության իշխանության մեջ, և հետևաբար՝ Վազգեն Մանուկյանի հանդեպ բացառություն անել չեմ կարող: Ես Վազգեն Մանուկյանի թեկնածությանը դեմ եմ, բայց եթե ընդդիմությունը, ժողովրդական զանգվածները այլընտրանք տեսնում են Վազգեն Մանուկյանի մեջ…»,- 168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` խոսելով ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանին անցումային փուլի վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու մասին:

Դիտարկմանը, թե նաև արտասահմանից բերված գործիչների անմխիթարական պատկեր ունենք, Սրբազանը պատասխանեց` որովհետև բերեցին սեմինարիստների` մարդկանց, ովքեր սեմինարների մասնակցելուց բացի, այլ բան չէին արել:

«Իմ ասածը դոգմա չէ: Ես ասում եմ իմ անձնական կարծիքը: Դուք ասում եք` ո՞վ, ես էլ պատասխանում եմ` երբ որ 1991-2020թթ. եղած բոլորը կհեռանան, տեսադաշտը կբացվի: Այս պահին չենք տեսնում ոչ ոքի, որովհետև տեսադաշտը փակ է»,- ասաց Միքայել Սրբազանը` հավելելով, որ բացառություն չի անում ոչ մեկի, այդ թվում` նախագահ Արմեն Սարգսյանի համար, որքան էլ որ նրան հարգում է անձնապես:

Գերաշնորհ տիրոջ կարծիքով` խոսքը ոչ թե միայն երիտասարդների մասին է, այլ հասուն մարդկանց, ովքեր իր նշած թվականներին պատասխանատու, կոռուպցիոն ռիսկեր պարունակող պաշտոններ չեն զբաղեցրել:

«Դուք տեսեք, թե եկեղեցականության մեջ ինչ պոտենցիալ կա: Բայց հասարակությունը որոշել է` հանկարծ տերտերներին չթողնեք` քաղաքականւթյամբ զբաղվեն: Հայրենիքի փրկությունը, պարզվում է, քաղաքականություն է»,- ասաց Միքայել Սրբազանը:

Նա նշեց նաև, որ խոսքն այն մասին չէ, որ վարչապետի պաշտոնում հոգևորականի առաջադրեն, թեպետ դրա մեջ էլ ոչ մի արտառոց բան չկա, և, ի վերջո, Կիպրոսի հիմնադիր նախագահը հոգևորական էր` Մակարիոս արքեպիսկոպոսը:

«Պարագվայում ճգնաժամ էր, եպիսկոպոսը ընտրվեց նախագահ, դիմեց Հռոմի պապին, որ վերցնեն իր եկեղեցական կոչումը, որպեսզի կարողանա նախագահություն անել: Ներողություն, էդ պետականության բացակայության պամաններում եկեղեցին կարող է նավն առաջ տանել, պետականության պամաններում հանկարծ չմոտենա՞: Սա ի՞նչ մոտեցում է»,- նկատեց Սրբազանը:

Մանրամասները` տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս