Բրազիլական ավիաընկերությունն առաջին անգամ աշխարհում կվերսկսի Boeing 737 MAX-ով չվերթները
Բրազիլական Gol ավիաընկերությունն առաջին անգամ աշխարհում կվերսկսի առեւտրային թռիչքները Boeing 737 MAX ինքնաթիռներով՝ 2019 թվականի գարնանը դրանց շահագործումը կասեցնելուց հետո: Այդ մասին հաղորդել է O Globo-ը։
Այս տեսակի օդանավերով չվերթներն ընկերությունը կսկսի իրականացնել արդեն դեկտեմբերի 9-ից: Մինչեւ այս տարվա վերջը Gol-ը պլանավորում է շահագործման հանձնել իր բոլոր յոթ Boeing 737 MAX-երը:
Ավիաընկերությունում նշել են, որ 20 ամիս հանգամանորեն ուսումնասիրել են այդ ինքնաթիռների անվտանգության հետ կապված հարցերը: Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FFA) Boeing-ին թույլատրել է վերականգնել Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը:
737 MAX ինքնաթիռների թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվել էին 2019 թվականի մարտին՝ երկու ավիավթարներից հետո: 2019 թվականի մարտին Ethiopian Airlines ավիաընկերության այս մոդելի ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 157 մարդ:
2018 թվականի հոկտեմբերին ինդոնեզական Lion Air ընկերության Boeing 737 MAX-ի կործանման զոհ է դարձել 189 մարդ: FAA-ն Boeing-ից պահանջել է փոփոխություններ մտցնել 737 MAX ինքնաթիռների ծրագրային ապահովման եւ սարքավորման մեջ այն խնդիրները լուծելու համար, որոնք դարձել են երկու վթարների պատճառ, ինչպես նաեւ մի շարք այլ թերությունների վերացում, որոնք հայտնաբերվել են ինքնաթիռների ստուգման ժամանակաշրջանում:
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) դեռ հոկտեմբերին հայտարարել էր, որ այն փոփոխությունները, որոնք մտցվել են ծրագրային ապահովման մեջ, եւ 737 MAX ինքնաթիռների սարքավորումը, բավականաչափ անվտանգ են դարձրել օդանավերը, որպեսզի դրանք կարողանան Եվրոպայի օդային տարածությունում թռիչքները վերսկսել մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: