Ստեփանակերտում գործող անվճար հացատունը պատրաստ է սննդով ապահովել 500 արցախցու
Ստեփանակերտում ավելի քան հինգ օր է, ինչ գործում է անվճար հացատուն` Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիների համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տեղահանված արցախցիների համար անվճար հացատուն ստեղծելու նախաձեռնությունը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանինն է: Անվճար հացատունը՝ նախատեսված մոտ 500 մարդու համար, իրականություն է դարձել «Երեմյան փրոջեքթ» ընկերության հետ համագործակցությամբ:
«Ստեփանակերտում այս հացատունը բացելուց հետո անձամբ այցելել ենք իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցավայրերն ու տեղեկացրել: Նրանք էլ տեղյակ են պահել իրենց ծանոթներին: Արդյունքում դեկտեմբերի 3-ից մինչև այժմ այստեղ առաջարկվող անվճար սննդից օգտվող մարդկանց թիվը 40-ից հասավ ավելի քան 100-ի: Այստեղ են հաճախում ընտանքիներով ու անհատապես: Երեխաներն այժմ նույնիսկ ինքուրույն են կարողանում գալ: Հիմնականում Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի շրջանների բնակավայրերից տեղահանված մարդկանց սննդով ապահովում ենք օրական երկու անգամ՝ ճաշ և ընթրիք: Սկզբում նաև նախաճաշ ով էինք ապահովում, սակայն առավոտյան նրանց հարմար չէր՝ երեխաները դպրոց պիտի գնային կամ չէին կարողանում արթնանալ: Այժմ ավելի ավագ տարիքի երեխաները նույնիսկ ինքուրույն են կարողանում ներկայանալ՝ ճաշի և ընթրիքի ժամերին»,-մանրամասնեց Լիլիթ Գրիգորյանը` հավելելով, որ առողջարար հումքով պատրաստվող ճաշատեսակները պարունակում են բարձր կալորիականություն: Մեր զրուցակիցը հավելեց, որ Ստեփանակերտում գործող անվճար հացատունը նաև աշխատատեղ է՝ տասնյակի հասնող տեղահանված մարդկանց համար:
«Հացատունը կգործի միչնև դեկտեմբեր ամսվա ավարտը, սակայն չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում երկարաձգվի ևս մեկ ամսով»,-ասաց Լիլիթ Գրիգորյանը:
Շուշեցի Ստելլա Հակոբյանը թոռների հետ անվճար հիմունքերով գործող հացատուն է այցելում բացման առաջին օրերից:
«Շատ գոհ ենք սննդի որակից ու հատկապես սպասարկող անձնակազմի վերաբերմունքից: Շնորհակալ ենք նախաձեռնողներից: Մեզ համար շատ կարևոր է, որ գոնե երեխաներն այս օրերին սոված չեն մնում կուշտ են քնում»,-ասում է Շուշիի բնակչուհին՝ հավելելով, որ իրենց ամբողջ ունեցվածքը մնացել է բերդաքաղաքում: Այժմ փորձում են աշխատանք գտնել, որպեսզի կարողանան հոգալ իրենց բազմանդամ՝ 10 հոգանոց ընտանիքի օրվա ապրուստը, իսկ մինչ այդ անվճար հացատունը համեմատաբար մեղմում է սննդի հոգսը: