Բաժիններ՝

«Երկրում գլխավոր խաղացողները փորձում են գտնել այն բանակցողին, որը կբանակցի Նիկոլ Փաշինյանի հետ». Վիգեն Հակոբյան

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ էին արել հրաժարական տալ:

168.am-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց՝ սա վկայում է այն մասին, որ ձևավորվում է ոչ միայն քաղաքական, հասարակական, այլ նաև ձևավորվել է հոգևոր կոնսենսուս:

– Եկեղեցին բացառիկ կարևոր ինստիտուտներից է, և անկախ նրանից, որ տարբեր հարցերում կարող է ինչ-ինչ տարաձայնություններ լինեն կամ ապագայում էլ ունենան, տեղի ունեցածի իրենց գնահատականը կամ կապիտուլյացիայի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է: Այդ իսկ պատճառով, առանց որևէ խնդրի, կարծում եմ, նույնիսկ իրար հետ համաձայնեցված, երկու հոգևոր առաջնորդները հանդես եկան նույնատիպ թեմայով, որպեսզի իրենց խոսքն ավելի ազդեցիկ լինի:

1988-ից սկսած ես չեմ հիշում որևէ դեպք, որ հոգևոր առաջնորդները միաժամանակ օրվա ղեկավարին անվստահություն հայտնեն և պահանջեն հրաժարական: Այստեղ կա հոգևոր կոնսենսուս, նրանք կատարում են իրենց միսիան և հանդես են գալիս կոնկրետ հայտարարությամբ: Չեմ բացառում, որ կսկսվեն տարբեր շահարկումներ՝ քաղաքական, անձնավորված, սև փիառ: Մենք այս 2.5 տարվա ընթացքում տեսել ենք իշխանական որոշ թևերի, ճյուղերի վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, որը ոչ միշտ է, մեղմ ասած, բարեկամական եղել:

Ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը, մասնավորապես, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրէն Սերգեյ Համբարձումյանը: Բացի այս, Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Ըստ այդմ՝ որքանո՞վ է մոտ և հնարավոր վարչապետի ինքնակամ հեռացման պահը, եթե հաշվի առնենք նրանց ազդեցիկությունը նաև ՀՀ սահմաններից դուրս:

– Ըստ իս՝ թյուր կարծիք է, որ ամեն ինչ փողոցում է որոշվելու: Եթե մենք վերլուծում ենք, թե ինչ է կատարվում այդ հրաժարականի շուրջ, տեսնում ենք, որ հիբրիդային պայքարի ձևի հետ գործ ունենք. առաջին՝ երկու կաթողիկոսների պահանջը, իսկ եկեղեցին դա ինստիտուտ է՝ երկու ճյուղավորմամբ, եթե կարելի է այդպես ասել, երկրորդ ինստիտուտը՝ ՀՀ նախագահն է, ըստ էության, նա նույնպես պահանջում է հրաժարական, երբ խոսում է արտահերթ ընտրություններից, երրորդ ինստիտուտը՝ համայնքներն են:

Ի դեպ, այստեղ ևս աննախադեպ երևույթ կա, ես որպես բազմաթիվ կայացած և չկայացած հեղափոխություններ տեսած մարդ՝ չեմ հիշում, որ նման մասնակցություն լինի, երբ համայնքների, քաղաքների ղեկավարները պահանջեն գործող վարչապետի հրաժարականը: Այսինքն, առնվազն երեք ինստիտուտ կամ դրանց ներկայացուցիչներ էլ են ներգրավված այս պրոցեսում:

Մյուս ինստիտուտը քաղաքական դաշտն է, երբ ունենք կոնսենսուս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ՝ «կոնսենսուս մինուս 1»: Այսինքն, բացակայում է նաև քաղաքական աջակցությունը Փաշինյանին:

Եվ վերջապես, Ձեր նշած գործարար դաշտը, որտեղ, ի դեպ, ազդեցիկ մարդիկ են, «Ֆորբսի» ցուցակի մարդիկ: Բացի դրանից, նրանք սերտ կապված են մեր ռազմավարական դաշնակցի հետ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանց ցանկացած քաղաքական բովանդակություն ունեցող խոսք չի կարող համահունչ չլինել Կրեմլի տրամադրություններին: Սա ցույց է տալիս, թե ինչ տրամադրություններ կան ռուսական քաղաքական էլիտայում: Մենք ունենք մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է:

Սրան գումարում ենք նաև փողոցի պրոցեսը, որտեղ ակնհայտորեն աճ կա, էներգետիկա, մասնակիցները սկսել են տիրապետել որոշակի տեխնոլոգիաների և անիմաստ բախումների մեջ չեն մտնում ոստիկանների հետ: Եթե պրոցեսները շարունակվեն, կարծում եմ, անջատումներ կլինեն նաև ուժայիններում: Դուք ասում եք, թե երբ հրաժարական կտա կամ չի տա, ես կարծում եմ, որ գալու է մի պահ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսելու է բանակցել տարբեր հարցերի շուրջ: Մասնավորապես, երկու հիմնական հարցի շուրջ՝ անձնական անվտանգության երաշխիքներ և իր թիմի համար քաղաքական երաշխիքներ:

Ըստ իս՝ Փաշինյանի հիմնական համառությունը պայմանավորված է նրանով, որ իրենք հասկանում են՝ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, ուստի փորձում են վարչական ռեսուրսի միջոցով վերահսկողությունը պահպանել նախընտրական կամպանիայի նկատմամբ: Սա այն է, ինչ ես ասացի քաղաքական երաշխիքների մասին: Կրկնում եմ՝ ուշ թե շուտ այս երկու հարցի շուրջ սկսելու են բանակցություններ:

– Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, ինչի՞ շուրջ կարող է պայմանավորվածություն ձեռք բերած լինեն կամ խոսակցություն գնացած լինի:

– Ես կարծում եմ՝ երկրի ներսում և երկրից դուրս բոլոր լուրջ խաղացողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակը գրեթե սպառված է: Քաղաքական լեքսիկոնում այսպիսի տերմին կա՝ էսինչ քաղաքական գործիչը ստրատեգիապես դուրս գրված է: Հիմա Նիկոլ Փաշինյանը ստրատեգիապես դուրս գրված է առնվազն նոյեմբերի 9-ից: Ինքը միսիա ունի կատարելու, և դա ինքը կատարում է՝ չգիտեմ ամբողջովի՞ն, թե՞… Եվ հիմա երկրում եղող գլխավոր խաղացողները սկսում են իրար հետ խոսել, բանակցային գործընթաց են սկսում բոլորն իրար հետ: Բոլորն իրար հետ սկսում են խոսել, պայմանավորվել: Բոլորը նաև փորձում են գտնել այն բանակցողին, որը կբանակցի Նիկոլ Փաշինյանի հետ, անձամբ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրող հարցերի շուրջ:

Ես կարծում եմ, որ սա այդ գործընթացներից մեկն է, որը սկսվել է, և Սերժ Սարգսյանը հանդիպում է ՀՀ գործող նախագահի հետ, որին ինքն է բերել: Արմեն Սարգսյանի հետ Սերժ Սարգսյանը հրապարակային է հանդիպել, այսինքն, ցանկացել են դա ցույց տալ: Եթե հանդիպեին ոչ հրապարակային, չէինք իմանա, բայց ուզեցին, և իմացանք:

– Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը մերժում է Ալիևի՝ Արցախի 7 շրջանների դիմաց 5 մլրդ դոլարի առաջարկը: https://168.am/2020/12/07/1422829.html Խոսակցությունը կայացել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա տարածվեց այդ ձայնագրությունը, երբ դեռ 2 տարի առաջ Բելառուսի նախագահը հայտարարել էր Սերժ Սարգսյանի՝ տարածքների հանձնումից հրաժարման մասին:

– Ես հիմա դժվարանում եմ ասել, թե որտեղից «եկավ» այդ ձայնագրությունը՝ երկրի ներսի՞ց, թե՞ դրսից, այսինքն՝ որտեղից է աղբյուրը: Բայց պարզ է՝ խոսակցությունը տեղի է ունեցել փակ նիստում, որտեղ ներկա են եղել նախագահները, գուցե նաև՝ արտգործնախարարները: Այսինքն, շատ սահմանափակ քանակի մարդկանց ներկայությամբ է զրույցը եղել: Այլ հարց է, որ այն հատուկ ծառայությունն է «գրել», դա էլ է հասկանալի: Իսկ թե ինչու հենց հիմա այդ ձայնագրությունը տարածվեց, ես կարծում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը վերջին լայվի ժամանակ և ոչ միայն, որոշակի հարցեր բարձրացրեց Արցախի հարցի բանակցային գործընթացի շուրջ, որոշակի հարցադրումներ արեց, որոնց պատասխանը չուշացավ: Սա այն դեպքն է, երբ շատ «տարօրինակ» ժամանակին հայտնվեց այդ ձայնագրությունը:\

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս