Տիգրան Գալստյանը՝ կառավարության պահուստային ֆոնդից պատգամավորների գործուղման համար հատկացված միջոցների մասին

Դեկտեմբերի 4-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ է հատկացվելու Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու, պատգամավորերի գործուղումների նպատակով։

Ի դեպ՝ նկատել էինք, որ հերթական անգամ կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվում կառավարության նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով։

Այսօր Ազգային ժողովի Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մեր հրապարակումից հետո տարածել է պարզաբանում, որում ասված է. «ՀՀ Ազգային ժողովը գործուղումների համար նախատեսված հոդվածի ամբողջ մնացորդը` շուրջ 299 մլն դրամ, պատերազմի ընթացքում փոխանցել էր պետական բյուջե՝ երկրի առջև ծառացած կարևոր խնդիրները լուծելու նպատակով: Հաշվի առնելով ներկայումս պլանավորված գործուղումներն՝ այդ գումարից 56 մլն դրամը վերադարձվել է ՀՀ Ազգային ժողովի բյուջե:

Նշենք նաև, որ տարեսկզբից ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է խնայել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, ներառյալ 234 մլն դրամ գործուղումներ հոդվածից: Կարծում ենք, որ մինչև տարեվերջ կլինեն լրացուցիչ տնտեսումներ, որն աննախադեպ է ՀՀ Ազգային ժողովի համար»։

Տեսանյութեր

Լրահոս