«Արմանն իր կյանքի գնով պահպանեց մեր հայրենիքի այն հատվածը, որը վստահված էր. բարձունքը կա, ցավոք, տղերքը չկան»

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ Հայաստանի և  Արցախի դեմ սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհվել է հետախույզ սպա Արման Բեկնազարյանը:

Մարտակերտցի հերոսը 18 տարի կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, սակայն, ցավոք, հոկտեմբերի 21-ին թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար ընկել է՝ չապրած տարիներն ու նպատակը կտակելով իր երկու որդիներին՝ Սերգեյին ու Սասունին:

Հարազատների փոխանցմամբ՝ Արմանը շատ հետաքրքիր, նպատակասլաց, հոգատար, ապրեցնող և հայրենիքի նվիրյալ է եղել:

Հրամանատար էր, ում զինվորներն անգամ զորացրվելուց հետո դառնում էին լավ ընկերներ:

Որպես զինվորական՝ նա խստապահանջ էր, բայց միևնույն ժամանակ՝ չափից շատ հոգատար: Նրա գերխնդիրներից մեկը զինվորի անփորձանք վերադարձն էր իր ընտանիք:

Ինչպես պատմել են զինվորները՝ իրենց հետ սոված էլ է մնացել, գործ էլ է արել:

Իսկ որպես ընկեր՝ շատ նրբանկատ, կամեցող և միշտ սատարող է եղել:

Արմանի փեսան՝ Արայիկ Սուքիասյանը, 168.am-ին փոխանցեց՝ նա պատերազմի ժամանակ եղել է Մարտակերտ-Մատաղիս հատվածում:

«Միմյանց հետ խոսել ենք դեպքից 10 րոպե առաջ, հետաքրքրվել ենք, թե ով որ հատվածում է, և այլն: Նախքան պատերազմն առանձնազրույցներ շատ հաճախակի ենք ունեցել: Չի եղել փեսա-աներձագ հարաբերություն, մենք շատ լավ ընկերներ էինք: Նպատակներ շատ ուներ, բայց ամեն ինչից շատ կարևորում էր Հայրենիքի պաշտպանությունը, այդ իսկ պատճառով նույնիսկ իր սեփական տան վերանորոգման հարցերով ինքը չէր կարողանում կոնկրետ օր ու պահ սահմանել, զբաղվել, քանի որ հետախուզությունը չուներ ո՛չ աշխատանքային ժամ ու ո՛չ էլ օր:  Արմանը կյանքով լի մարդ էր, նպատակներ շատ ուներ:

Ես երբ դժվարություններ եմ ունենում՝ միշտ հիշում եմ նրա խոսքը. ասում էր՝ չկա անհաղթահարելի դժվարություն, միշտ մեկ ելք կա, պարզապես պետք է զգոնությունություն և պահի ճիշտ վերահսկողություն: Հիշի՛ր, մենակ այն աշխարհից ելք չկա: Արմանն իր կյանքի գնով պահպանեց մեր հայրենիքի այն հատվածը, որը վստահված էր իրեն ու իր զինվորներին. բարձունքը կա, ցավոք, տղերքը չկան»,- նշեց Արայիկ Սուքիասյանը:

Տեսանյութեր

Լրահոս