Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Դամասկոսի մերձակա շրջաններին
Լույս նոյեմբերի 25-ի գիշերը Իսրայելը Գոլանի բարձունքների կողմից գրոհել է Դամասկոսի նահանգի հարավի վրա: Այդ մասին ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ: Ինչպես հաղորդում է սիրիական «Ալ Վաթան» թերթը, նշանակետը եղել է Մանեե բարձունքը, որը գտնվում է Էլ-Կունեյտրայից դեպի հարավ: Դամասկոսում հայտարարել են, որ հարվածների մի մասը հաջողվել է ետ մղել, բայց ռմբակոծությունը նյութական վնաս է հասցրել:
Սիրիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման ժամանակներից ի վեր նրանք գտնվում են պատերազմական վիճակում: Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով: Իսրայելի զինվորականները քանիցս հարված են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով թշնամիների ձեռքը ժամանակակից սպառազինություններ հայտնվել թույլ չտալու ձգտմամբ:
Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբալլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում է Թեհրանի կողմից: Անցյալ շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիայի զինվորականների եւ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերին Դամասկոսի շրջանում հարված հասցնելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: