Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին:

Քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս