«Ռազմատեխնիկական, քաղաքական և տնտեսական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ռուսաստանի միջև, կշարունակվի»
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ ՌԴ ռազմական օժանդակությունը Հայաստանին կարող է լինել ռազմական տեխնիկայի, մասնագետների տեսքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարկարովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրության և առաջացած մարտահրավերների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակին, կարևորեց ՀՀ անվտանգության ապահովման համար Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը:
«Ռազմատեխնիկական, քաղաքական և տնտեսական համագործակցությունը, որ կա Հայաստանի և Ռուսաստանի միջև, կշարունակվի: Եթե մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օժանդակելու է ՀՀ-ին, ապա կարող ենք ասել, որ, բնականաբար, խոսքը հստակ ռազմական տեխնիկայի, մասնագետների մասին կլինի, ինչը ևս կարևոր է տվյալ պարագայում»,-ընդգծեց նա:
Ռազմական տեսանկյունից, քաղաքագետի դիտարկմամբ, ՌԴ-ն Հայաստանի համար առանցքային գործընկերներից է, և համատեղ քայլերի մասին անհրաժեշտ էր ավելի վաղ մտածել: «Կան որոշ հասկանալի սահմանափակումներ, որոնք վերաբերում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև համագործակցությանը: Այսինքն, ՌԴ-ի ձեռքերը կապված են, երբ խոսքը Արցախի մասին է, որը ճանաչված չէ ՌԴ-ի կողմից: Հետևաբար, ամբողջ համագործակցությունը վերաբերում է Հայաստանին և Ռուսաստանին»,- նշեց քաղաքագետը: