Կոմունալները մենք պետք է վճարենք, ունենք նաև սնունդի կարիք․ ստեփանակերտցի ընտանիքին օգնություն է անհրաժեշտ
Արցախից ժամանակավոր Արզնի 7-րդ փողոցի 1-ին տանը բնակվող, 5 անչափահաս երեխա ունեցող ստեփանակերտցի ընտանիքին օգնություն է անհրաժեշտ՝ հիմնականում գումարի տեսքով։
Ընտանիքի մոր՝ Անուշի փոխանցմամբ՝ համայնքապետարանն իրենց օգնում է սնունդով, ինչի համար շնորհակալ են, սակայն կան այլ ծախսեր, որոնք իրենք չեն կարողանում հոգալ։
«Տան տերը բնակարանն անվճար է տրամադրել, սակայն կոմունալները մենք պետք է վճարենք։ Չգիտեմ, թե ինչ անեմ։ Արցախում աշխատել եմ խանութում, եթե նմանատիպ աշխատանք լինի, կաշխատեմ՝ մինչև պատերազմը վերջանա։ Նաև կենցաղային պարագաներ են պետք, նախաճաշի համար ձու, կաթնամթերք, շաքարավազ, թեյ, ձեթ, հացի և դեղերի գումար»:
Նշենք, որ Արցախից ժամանած քաղաքացիներից շատերը, ովքեր ժամանակավոր բնակվում են Երևանում և մարզերում, հաճախ են կանգնում սնունդ և հագուստ հայթայթելու խնդրի առջև:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 168.am–ը հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս են լուծվում այս և նմանատիպ հարցերը:
«Բազմիցս հաղորդագրություններ եղել են, որոնք կարող եք տեսնել մեր էջում, ինչպես նաև հայտնել ենք բոլոր թեժ գծերի հեռախոսահամարները: Իսկ հագուստի և սննդի հարցով պետք է դիմել տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններ կամ վարչական շրջանի համայնքապետարաններ»,- պատասխանել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով 098647645։