«Շատերը տեսախցիկը գնում ու գաղտնաբառը չեն փոխում․ պետք է ուշադրություն դարձնեին ու գաղտնաբառերը փոխեին». Սամվել Մարտիրոսյանը՝ թշնամու կողմից տեսախցիկների հասանելիության մասին

Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն այսօր հայտնեց, որ ադրբեջանցիները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն:

«Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ անել, օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ, եթե չեք կարողանում, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ, եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով»,- նշված է հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այս ամենը հասարակ անփութության արդյունք է։

«Թշնամին մեծ  բաներ չի արել՝ տեսախցիկները, որ մարդիկ գնում են, դրանց վրա ստանդարտ գաղտնաբառ է դրված, տարբեր արտադրողների մոտ տարբեր է, բայց հիմնականում ստանդարտ է։ Սա նրա համար է, որ մարդ առաջին անգամ մուտք գործի համակարգի մեջ, ամեն ինչ տեղադրի, հետո տեսախցիկի վրա իր գաղտնաբառը դնի։ Սակայն շատերը տեսախցիկը գնում ու գաղտնաբառը չեն փոխում։ Թշնամին որոնել է այդ տեսախցիկները, նման որոնողական հատուկ համակարգեր կան և ուղղակի գտնում են այն տեսախցիկները, որոնց վրա մնացել է այդ ստանդարտ, նախնական գաղտնաբառը։ Այսինքն՝ թշնամին լուրջ բան չի արել, որ այդ տվյալները ձեռք բերի, պետք է ուշադրություն դարձնեին ու գաղտնաբառերը փոխեին»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Թե այս դեպքում ո՞րը պետք է լինի անելիքը՝ թշնամուց տեսախցիկներում եղած տվյալները պաշտպանելու համար,  Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ լրատվամիջոցներն արդեն անում են, այսինքն՝ մարդկանց, գործակալություններին զգուշացնում են, որ տեսախցիկներին, այսպես ասած, «տիրություն» անեն։

Ինչ վերաբերում է այս ամենի վտանգներին, փորձագետը նշեց, որ մարդիկ վախենում են, մտածում են՝ թշնամին անտեսանելի միջոցներ է կիրառում, բոլորին կարող են նայել, և այլն։

«Այստեղ նախ առաջինը՝ թշնամին փորձում է մարդկանց վախեցնել։ Երկրորդը՝ փաստացի հետախուզական աշխատանք են անում, օրինակ, հետևեն փողոցներին, տեսնեն մարդկանց խտությունը և այլն, այսինքն՝ բաներ, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզությանն օգտակար լինել»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս