Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետևանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ
Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր»,- ասաց Բեգլարյանը:
Մարտակերտի մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը փոխանցեց, որ այժմ քաղաքում անջատված է էլեկտրականությունը, քաղաքին հարվածներ են հասցրել մոտ 3 ժամ առաջ:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Նորայր Շողիկյան