«Առաջին հերթին թշնամուն կարող է կանգնեցնել մեր բանակը, մեր զինվորը, այնուհետև՝ Ռուսաստանը․ Հիմա ամբողջ ծանրությունը բանակն իր վրա է վերցրել». Ռազմիկ Դավոյան

Բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը պատերազմական այս օրերին շարունակում է ստեղծագործել։ Ասում է՝ այս ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան չի դադարեցրել ստեղծագործական աշխատանքը, բոլոր ստեղծագործությունները նվիրված են Արցախյան ճակատում հայրենիքի պաշտպանական գործը ստանձնած տղաներին ու նրանց սխրագործություններին։

«Նշանակություն չունի՝ այդ ստեղծագործությունների սկզբում գրվա՞ծ է՝ նվիրվում է մեր զինվորներին, թե՞ ոչ, ես այդ մակերեսային հղումները չեմ ընդունում։ Այդ ստեղծագործություններն ամբողջությամբ ներծծված են մեր հերոսներով։ Մի տեսակ պատմագրություն եմ անում և՛ հին օրերի, և՛ դրանց շարունակության։ Այսինքն՝ այն վեպերը, որ կան, եթե Աստված կամենա երկհատորանոց վեպ, որը սկիզբն է Արցախյան շարժման, Արցախի վերածննդի ու անկախության, հիմա այս  շարունակությունն էլ մեկ ուրիշ գործի մեջ է, որը հիմա անում եմ։ Կան նաև այլ աշխատանքներ, որոնք անում եմ՝ մեր պետականության խնդիրների հետ կապված։ Վստահ եմ, համոզված, որ հաղթանակը մերն է լինելու, թեկուզ մեր բողբոջների, մեր ծաղիկների արյան գնով։ Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու, որը պարտավոր է ի վերջո խելքը գլուխը հավաքի ու իսկական պետականություն կերտի, այլ ոչ թե իշխանության համար պայքարի մեջ գլուխը կորցնի»,- 168.amի հետ զրույցում ասաց Ռազմիկ Դավոյանը։

Նրա դիտարկմամբ, սահմանում կանգնած հայ զինվորները երբեք «խաղեր» չեն տվել, բանակ կազմակերպվելուց առաջ, սահմանը պահպանած, թիկունք կանգնած քաջերը՝ զինվորից մինչև երկրապահ, որևէ օր «խաղեր» չեն տվել՝ հակառակ քաղաքական իշխանության խաղերին։

«Այսօր սահմանում կանգնած զինվորը գիտի՝ ինչի համար է պայքարում, նա «խաղերի» մեջ չի մտնում, որովհետև կանգնած է իրական գնդակի տակ, իրական վտանգի մեջ է։ Վստահ եմ, որ առաջին հերթին թշնամուն կարող է կանգնեցնել մեր բանակը, մեր զինվորը, այնուհետև՝ Ռուսաստանը։ Հիմա ամբողջ ծանրությունը բանակն իր վրա է վերցրել, զոհեր ենք տալիս, զոհվում են մեր ժողովրդի բողբոջները, ծաղիկները։ Հիմա, երբ մեր զինվորը հայացքը շրջում է՝ հետ է նայում՝ դիմացը յաթաղան չէ, տեսնում է ռուս զինվորին։ Խորհրդային իշխանության ժամանակ բոլորս խոսում էինք եղբայրության, բարեկամության մասին։ Մենք ռուսների հետ եղբայրության մասին արած կոչն իրական ենք ընդունել, այդպես իրական ձևով էլ ընդունում է Ռուսաստանը։ Ծայրից ծայր հետևել եմ ՌԴ նախագահի վերաբերմունքին դեպի հայությունն ու հայ ժողովուրդը, այն, ինչը մնաց՝ մնաց խորհրդային փլուզումից հետո, դա մեր անփառունակ հարևանն է՝ Ադրբեջանը»,- հավելեց Ռազմիկ Դավոյանը։

Նա նաև ընդգծեց, որ Արցախի առաջին հերոսամարտը վարում էր դեռևս չկազմավորված հայկական բանակի նախատիպը և վարում էր շատ հմուտ։ Այն իսկապես պատերազմ էր, որը վարում էր միայն Ադրբեջանը, իսկ Թուրքիան դիտորդի կարգավիճակում էր։

«Այսօր պատերազմ չէ, Հայոց ցեղասպանության շարունակությունն է, իսկ  մենք պատերազմում ենք այդ ցեղասպանության դեմ։ Թուրքիան կանգնել է Ադրբեջանի թիկունքին։ Էրդողանը հայտարարեց, որ իր նախնիները կիսատ թողած գործ ունեն, և ինքն այն պետք է ավարտի։ Խոսքը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, չէ՞, զարմանում եմ, որ մեր կողմից որևէ մեկը չհայտարարեց, որ հայերն էլ կիսատ թողած գործ ունեն՝ «Նեմեսիս» ծրագիրը դեռ ամբողջովին չի իրագործվել»,- եզրափակեց Ռազմիկ Դավոյանը։

Տեսանյութեր

Լրահոս