«Եթե նախկինում Թուրքիան ինչ-որ հայտարարություններով էր այդ հակամարտությանը մասնակցում, այժմ ամբողջովին ներգրավված է պատերազմական գործողություններում». Թուրքագետ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հոկտեմբերի 21-ին իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ իր երկիրը, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Էրդողանը չեն հապաղի զորք ուղարկելԱրցախ, եթե նման խնդրանքով իրենց դիմի Ադրբեջանը։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիայի փոխնախագահի հարցազրույցն ամբողջությամբ լսել է, որտեղ նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ Թուրքիայի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, Կիպրոսի խնդրին և այլն։

«Այդ հարցազրույցի ժամանակ նրան նաև հարց տվեցին՝ Արցախի խնդրի հետ կապված, հարցը հետևյալն էր՝ եթե Ադրբեջանը դիմի Թուրքիային ռազմական օգնության համար, ի՞նչ կանի Թուրքիան։ Հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ նախկինում էլ Էրդողանն ասել է, որ պատրաստ են օգնելու Ադրբեջանին։ Այս հայտարարությունը նոր բան չէր, քանի որ դրա մասին Էրդողանը վաղուց ասել էր»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Ըստ թուրքագետի՝ Թուրքիան հակասական հայտարարություններ է անում, մեկ հայտարարում է, որ  համարվում է հակամարտության կողմ, մեկ՝ նկրտումներ ունի ներգրավվելու բանակցային գործընթացում։

«Նախ՝ Թուրքիան հայտարարում է, որ մինչև վերջ գնալու է և պետք է ազատագրի իր «հողերը», այնուհետև  Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցներից հետո այդ հռետորաբանությունը փոխվեց, և սկսեցին հայտարարել, թե Ռուսաստանը կարևոր է բանակցություններում, և իրենք էլ են ցանկանում մասնակից դառնալ այդ ամենին։ Այսինքն՝ Թուրքիայի հայտարարություններում կա լուրջ հակասություն՝ կախված պահից անընդհատ փոխում են իրենց հայտարարությունները, Թուրքիան որևէ կերպ չի կարող մաս դառնալ Արցախի խաղաղ բանակցային գործընթացին։ Եթե նախկինում Թուրքիան ինչ-որ հայտարարություններով էր այդ հակամարտությանը մասնակցում՝ որպես կողմ, այժմ ամբողջովին ներգրավված է պատերազմական գործողություններում՝ ահաբեկիչներով, զրահատեխնիկայով, նույնիսկ Թուրքիայից կառավարվող օդային ավիացիայով»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը։

Նա նաև ընդգծեց, որ Մոսկվայում երկու անգամ հրադադարի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության խախտումն Էրդողանի հրահանգն էր Ալիևին։

«Էրդողանը կարծում է, որ կանգնելն իմաստ չունի, քանի որ սկսել են, պետք է շարունակեն։ Թուրքիային առաջին հերթին պետք է կանգնեցնել ռազմական ուժով, այսինքն՝ Ադրբեջանին ու թուրքական այդ զանգվածին պետք է հասկացնել, որ անիմաստ է, կարծում եմ՝ մոտակա օրերին իրենք դա կգիտակցեն։ Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ագրեսիան կանգնեցնելու նպատակ չունեն, հայկական կողմն էլ պատրաստ է արժանի հարված հասցնելու, թշնամին պետք է իր մաշկի վրա հասկանա, որ զինադադար ամեն դեպքում պետք է»,- եզրափակեց թուրքագետը։

Տեսանյութեր

Լրահոս