Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի ծառայությունը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը:

«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում:

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:

Տեսանյութեր

Լրահոս