«Օրակարգում համար մեկ խնդիրը, որպեսզի լինի հրադադար, որը պահպանվում է». Շավարշ Քոչարյան
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ շաբաթվա վերջին նախատեսվում են ԱՄՆ պետքարտուղարի առանձինհանդիպումները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Ըստ տեղեկության՝ ուրբաթ առավոտյան Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկման հիմնական առարկան է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Այսօր Ազգային ժողովում Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումից, նշեց, որ հանդիպման կարևորությունը կայանում է նրանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահ երկրներից մեկը փորձում է ակտիվություն դրսևորել:
«Գիտեք, շատ կարևոր է այն առումով, որ առ այսօր 3 համանախագահներից առավել ակտիվ է Ռուսաստանը, Ֆրանսիան, որովհետև երկրորդ փորձն այդ զինադադարի, հրադադարի հայտարարման՝ արդեն ըստ էության փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը: Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է:
Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է` 3 համանախագահների մոտ էլ, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարը պաշտպանվի, իրականացվի: Եվ պատահական չի, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այդ քննարկումը հենց սրան էր նվիրված, որպեսզի երաշխավորված լինի, չլինի, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից հրադադար, և հետո խախտվում է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Արտաքին գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ ներկա փուլում Մինսկի խմբի համանախագահներն ունեն երկու մանդատ:
«Մանդատը կայանում է նրանում, որ իրենք նպաստեն, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի: Դա է իրենց մանդատը: Ինչպես նաև երկրորդ մանդատը, որը կապված է նրա հետ, որ իրենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, որը 16 թվականին միանգամից վերսկսվեց, հիմա էլ նորից վերսկսվեց: Սա իրենց համար ահազանգ է»,- նշեց ԱԳՆ նախարարի տեղակալը:
Պատասխանելով լրագրողների մյուս հարցին, թե ինչի՞ն է միտված լինելու Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, Շավարշ Քոչարյանը նշեց.
«Տվյալ պարագայում ես չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ այսօր ես արձանագրում եմ, որ օրակարգում համար մեկ խնդիրը, դրված, համենայն դեպս, միջնորդների կողմից, որպեսզի լինի հրադադար, որը պահպանվում է»: