Անն Իդալգոն խոսել է եվրոպացի երիտասարդների՝ Արցախ այցելելու ծրագրի մասին
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անդրադարձել է իր գլխավորած քաղաքի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությանը և այլ քաղաքների կողմից արդեն իսկ կայացված նման որոշումներին: Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում Փարիզի քաղաքապետը նշել է.
«Ես նկատեցի, որ Ժնևը և Միլանը շատ հստակ դիրքորոշումներ են որդեգրել ՝ հօգուտ Լեռնային Ղարաբաղի ճանաչման կամ ինքնորոշման իրավունքի: Փարիզի խորհուրդը չի կարող դա անել, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրությունը թույլ չի տալիս քաղաքապետարաններին ճանաչել կամ պայմանագիր կնքել Ֆրանսիայի կողմից չճանաչված սուբյեկտի հետ: Բայց քաղաքը կարող է առաջնորդվել այլ նախաձեռնություններով:
Ինձ տեղեկացրել են, որ ՀԲԸՄ Եվրոպան ցանկանում է որպես դիտորդ Լեռնային Ղարաբաղ ուղարկել եվրոպացի երիտասարդների: Գտնում եմ, որ այս նախաձեռնությունը գերազանց է: Ես առաջարկեցի, որ վերադառնալուն պես նրանք կարողանան եվրոպացի քաղաքապետերին պատմել իրենց տեսածի մասին: Այս նախաձեռնությունը պետք է տեղի ունենա նոյեմբերի կեսերին»: