«Ուզում եմ լինել այն մարդկանցից, ովքեր այս բարդ իրավիճակում կոգեշնչեն հայերին». Դանիել Դեքերը Արցախի ու հերոսների մասին երգ կներկայացնի

Ամերիկացի երգիչ, երաժիշտ, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալակիր Դանիել Դեքերն այս օրերին Հայաստանում է, ասում է՝ եկել է աջակցելու Հայաստանի և Արցախի ժողովուրդներին այս պատերազմական իրավիճակում։

«Իրականում շատ դժվար է գտնել դեպի Հայաստան թռիչք, քանի որ հիմնականում թռիչքները չեղարկված էին, այդուհանդերձ հաջողվեց գալ Հայաստան։ Իմ նպատակն է՝ ցանկացած ձևով աջակցել հայերին, առաջիկայում պատրաստվում եմ հանդիպել պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված երեխաներին, շփվել նրանց հետ, խոսել արվեստի լեզվով, երգել նրանց համար ու ասել, որ իրենք միայնակ չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Դեքերը։

Նրա խոսքով՝ Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին Հայաստանից դուրս տեղեկատվությունը շատ տարբեր է, և հիմնականում դրանք տեղեկատվական բնույթի են՝  չեն արտացոլում այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է ագրեսոր կողմը, և նա է հրահրել պատերազմը։

«Ինքս փորձում եմ ամբողջական պատմությունը, պատկերը ներկայացնել և ցույց տալ, որ Ադրբեջանն է հարձակվել Արցախի վրա և Արցախն է հայտնվել ծանր վիճակում և այդ պայմաներում պաշտպանվում է։ Իմ մեսիջն այն է, որ այս պատերազմի արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ, խաղաղ բնակչությունը թողնում է իր տունը, ծննդավայրը և հեռանում։ Բազմաթիվ երիտասարդներ են զոհվում, քանի որ պաշտպանում են իրենց  հողը, հայրենիքը։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը, գերտերությունների ղեկավարներին, որպեսզի կանգնեն ազնվության, ճշմարտության կողքին։ Իսկ սա նշանակում է, որ նրանք պետք է ընդունեն, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ է  ուզում, եթե արցախցիներն ուզում են լինել ազատ ու ապրել անկախ Արցախում, ուրեմն՝ նրա որոշումը պետք է ճանաչեն ու հարգեն»,- նշեց երգիչը։

Ըստ նրա, եթե հնարավոր լինի, իրավիճակը թույլ տա՝ ցանկությունը մեծ է՝ գնալու նաև Արցախ՝ սահման։

«Վերջին անգամ Արցախ այցելել եմ 2017 թվականին, այդ ժամանակ Արցախի անկախության տոնակատարությունների ժամանակ համերգ եմ ունեցել Շուշիում, մշակույթի այն կենտրոնում, որը թշնամին ռմբակոծել է։ Հուզված ու տպավորված էի Արցախով, Արցախի ժողովրդով, թե որքան սիրալիր ու ընկերասեր են նրանք, ես բազմաթիվ արցախցի ընկերներ ունեմ։

Հայաստանի մասին այս օրերին երբ գրառում էի անում, ադրբեջանցիներն իմ էջում ոչինչ չէին գրում, սակայն, երբ հայկական լրատվական կայքերում մեկնաբանություններ էի գրում, նրանք սկսում էին արձագանքել, բայց ես նրանցից չեմ վախենում և ամեն անգամ խորհուրդ եմ տալիս կարդալ իրենց սեփական պատմությունը։ Նրանց ես մի բան եմ ասում, որից շատ են զայրանում, որ իրենք ունեն երկրի նախագահ, որն ընտրվել է իր  հոր կողմից, իսկ այդ նախագահն էլ իր կնոջը փոխնախագահ է նշանակել։ Իսկ Հայաստանում հեղափոխության արդյունքում ժողովուրդն է ընտրել իր ղեկավարին, դե հիմա թող համեմատականներ տանեն երկու երկրների միջև»,- հավելեց Դ. Դեքերը։

Նա նաև տեղեկացրեց, որ երաժշտական նախագիծ ունի՝ ձայնագրել է Արցախի ու Արցախի հերոսների մասին երգ, նաև Արա Գևորգյանի հետ միասին երաժշտություն ստեղծելու վրա են աշխատում։

«Ուզում եմ լինել այն մարդկանցից, ովքեր այս բարդ իրավիճակում կոգեշնչեն հայերին։

Սահմանին կանգնած հայ զինվորին ցանկանում եմ ասել, որ ես ձեզ հետ եմ, հայ ժողովուրդը ձեզ հետ է և աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերը ձեզ հետ են։ Ուժեղ և անվախ եղեք, հիշեք բիբլիական Դավիթի և Գողիաթի պատմությունը, երբ Գողիաթը հսկա թշնամի էր, բայց ընդամենը մեկ քարի միջոցով Դավիթը ոչնչացրեց թշնամուն»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս