Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ալեքսանդր Հարությունյանը

Հայրենիքի համար մղվող պայքարում այսօր քաջի մահով ընկել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ալեքսանդր Հարությունյանը:

Հայրենասեր հայի, մերօրյա հերոսի իրական կերպար Ալեքսանդրը դեռևս 1990-ական թվականներին սկսված Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից էր: Փորձառու զինվորականի ռազմական ուղին շարունակվել է նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին, որը հաղթահարել է պատվով: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ հակառակորդը լայնածավալ պատերազմ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով և հրետակոծել խաղաղ բնակավայրերը, Ալեքսանդրը կրկին ռազմի դաշտում էր՝ հառակորդին դեմ հանդիման:

Առօրյա կյանքում նա ժպտերես էր, կենսախինդ ու անչափ կամեցող, սակայն ծառայության մեջ զինվորականի խրոխտ հայացքով շատ խստապահանջ էր: Ալեքսանդրը ամուսնացած էր: Ունի երկու զավակ՝ Իվանն ու Սերգեյը: Որդիներից ավագը՝ Իվանը, ժամկետային զինծառայող է:

46-ամյա հայ սպան, ում կյանքի ուղին ամբողջապես կապված էր զինվորականության հետ, ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում այս օրերին համառ մարտերում մարտնչել է մինչև վերջ: Ցավո՛ք, այսօր Ալեքսանդրը զոհվեց, սակայն նրա հերոսական կերպարը միշտ վառ կմնա արցախցիների հուշերում:

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով»:

«Արցախի հերոս», սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը արդիական են նաև այս ժամանակաշրջանի համար, քանզի յուրաքանչյուր հայ, գիտակցելով հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, կանգնած է սահմանին ու պաշտպանում է հող հայրենին: Ալեքսանդրի ու մեր բոլոր նահատակների արյամբ գծվում են Արցախի սահմանները, որոնք կշենանան հերոս հայրերի հերոս զավակների շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս