«Նպատակը դիվերսիան չի եղել, այլ ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը». ԱՀ նախագահ
Մենք խաղաղության կողմնակից ենք, աշխարհում ամենաշատը խաղաղություն արցախցին է ուզում:
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Բայց նաև մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է` բնաջնջել Արցախի ժողովուրդը, հազարամյա մշակույթը, պատմությունը: Ուզո՞ւմ են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը: Մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է»,- շեշտեց նա:
Անդրադառնալով երեկ Հադրութում տեղի ունեցածին, ԱՀ նախագահն ասաց, թե «քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իբր գրավել են Հադրութը, և զինադադարից ժամեր առաջ հասկացել` շատ հեռու են Հադրութի սահմաններից, հարվածի թիրախն ընտրել են Հադրութ քաղաքը»:
Ըստ Արայիկ Հարությունյանի, պատրաստված ստորաբաժանումներից, վարձկաններից բաղկացած խումբ են ձևավորել, որի նպատակը դիվերսիան չի եղել, այլ ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը:
«Հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաքի և Հադրութի մոտակա տարածք, և առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ, բայց մեզ հաջողվել է վերադասավորվել և այսօր Հադրութ քաղաքի վարչական ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»: